Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում նշել է, որ Միացյալ թագավորությունը ցանկանում է լուծված տեսնել Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սահմանած հիմնարար սկզբունքների հիման վրա: Նորանշանակ դեսպանը հերքել է, թե բրիտանացի որևէ պաշտոնյա շնորհավորել է Ադրբեջանին կամ որևէ այլ կողմի՝ 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ և ընդգծել, որ Մեծ Բրիտանիան վերահաստատում է, որ պատերազմը չի կարող լուծում լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորման ճանապարհին: «Մենք ջանացել ենք նպաստել խաղաղ կարգավորմանը նաև ՄԱԿ-ում»,- շեշտել է դեսպանը:
*****
Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմաններն առավել քան երբևէ բարենպաստ են: Հոկտեմբերի 26-ին նման կարծիք է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցին, սակայն նորից նախապայմանային տրամաբանությամբ: «Եթե Հայաստանն անկեղծ բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան կպատասխանի Հայաստանի քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
*****
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել, որ Վաշինգտոնն աջակցում է այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը: «Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային գործակցության միջանցքներից, մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ն շահագրգռված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով. դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է Լի Լիցենբերգերը: Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է դրսևորում, այդ հարցում զիջումների չի գնում և չի պատրաստվում Իսրայելի հետ հարաբերություններում բան փոխել: Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ եթե Թեհրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա։
*****
Իրանի ԱԳ նախարար Ամի Աբդոլլահիանն Աֆղանստանի հարևան երկրների նիստի ժամանակ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններում վերջին լարվածությանը: «Ադրբեջանն Իրանի լավ հարևանն է: Եվ չնայած հարաբերություններում վերելքներին ու վայրէջքներին և մեդիա լարվածությանը, որը հիմնականում ադրբեջանական կողմից է եղել, իմ գործընկերոջ հետ մշտական կապ եմ ունեցել»,- նշել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ երկու երկրները մեդիա լարվածության շրջափուլից դուրս են եկել, իսկ իրանցի վարորդներն ազատ են արձակվել:
*****
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է Դոնբասում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի առաջին մարտական կիրառման մասին՝ Ֆեյսբուքում հրապարակած հաղորդագրությունն ուղեկցելով տեսանյութով։ Ուկրաինան ունի 12 միավոր «Բայրաքթար», պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Կիևը և Անկարան մտադիր են նաև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։ Թուրքիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերին այդ զինատեսակների մատակարարումը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման: Դոնբասում «Բայրաքթար» ԱԹՍ-ների կիրառման լուրն այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան վերստուգում է Դոնբասում Կիևի կողմից «Բայրաքթարի» կիրառման մասին տեղեկությունը:
*****
Իտալիան վերանայել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել այդ երկիր: Իտալիայի առողջապահության նախարարության հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը, Ադրբեջանը, Լիբանանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Սերբիան և մի շարք այլ երկրներ D ցանկից տեղափոխվել են E ցանկ: Դա նշանակում է, որ նշված երկրների քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա միայն հատուկ նպատակներով ու պայմանով և որ նրանք հետևեն մուտքի խիստ կանոններին։