ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի սուբյեկտայնության մասին ընդդիմության հայտարարություններին:
«Դահլիճում խոսվում է Արցախի սուբյեկտայնության նվազման մասին, զարմանում եմ, որ դրա մասին «Հայաստան» դաշինքն է խոսում: Դուք եք Արցախին բանակցային սեղանից դուրս թողել 1998 թվականին: Որ ասում եք՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված է, բա այդ 72 տոկոսը, որ ձեր իշխանության օրոք բանակցային սակարկության առարկա էր, և դուք դրա մասին գիտեիք, ինչո՞ւ ձայն չէիք հանում:
Որ ձեր խմբակցությունը 2010 թվականին Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին կողմ էր քվեարկում, որտեղ գրված է, որ Փայլասարի վերևով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ինչո՞ւ էիք կողմ քվեարկում: Մեզ էլ մեղադրում եք չստորագրելու մեջ, ասում եք՝ պատերազմն ինչո՞ւ չեք կանգնեցրել: Չգիտե՞ք, որ պատերազմը կանգնեցնելու գինը բոլոր տարածքները վերադարձնելուն համաձայնություն տալն է: Առաջիկայում փաստերը կբացահայտվեն, և կտեսնենք՝ ավելի շուտ կանգնեցրել ենք, թե չէ»,- ասաց Փաշինյանը: