Երկօրյա այցով Հայաստանում է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Այցը մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում հարգանքի տուրքով:
ԿԱՐԵՎՈՐ Է ՎԱՏԻԿԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼՂ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. ՄԻՐԶՈՅԱՆ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը: Նրանք դա համարել են հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն: Միրզոյանի գնահատմամբ՝ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան - Մեծապես արժևորում ենք Ֆրանցիսկոս պապի այս որոշումը, որը կրկին փաստում է սրբազան քահանայապետի կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորության մասին:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Էդգար Պենյա Պառայը հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Նրանք կարևորել են Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացումը՝ համարելով այն հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն: Միրզոյանի գնահատմամբ՝ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: Արարատ Միրզոյանը նշել է՝ Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին էլ այդ առումով բացառություն չէր:
Արարատ Միրզոյան - Մեզ համար կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին ու դրան հաջորդած ժամանակաշրջանում սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերին ազատ արձակման կոչերը մեծ ազդեցություն են ունեցել:
Էդգար Պենյա Պառա (Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ) - Չնայած միջոցների ու առկա անձնակազմի սակավությանը` ծրագիրն իրականություն դարձավ մի քանի ամսում, որովհետև մենք հավատում էինք դրան, համոզված եմ, որ այս առաքելական նվիրակությունը Հայասատնի ու ընհանրապես միջազգային հանրության համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու առերեսման հնարավորությունների և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհների խորհրդանիշ:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐԸ
Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Արարատ Միրզոյան - Խնդրում ենք, որ Սուրբ Հայրը՝ Սրբազան Քահանայապետը, իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:
Արարատ Միրզոյանը հիշեցրել է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը այժմ վտանգված է:
Էդգար Պենյա Պառա (Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ) - Ցանկանում եմ վերահաստատել Սուրբ Աթոռի աջակցությունը ՀՀ կառավարության օրակարգային հարցերին և միջազգային հանրության օրակագային հարցերին՝ ուղղված խաղաղությանը և զինաթափմանը, Մարդու իրավունքներին, մարդկային և մշակութային զարգացման կրոնական ազատությունների ու շրջակա միջավայրի պաշտպանության և պահպանության հարցերի առնչությամբ:
Արարատ Միրզոյանը և Էդգար Պենյա Պառան մասնակցել են նաև «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը։