2021 թվականի հոկտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:
Գեղաթերթիկի մարումը կիրականացնեն Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 630 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի ձախ նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը, որն այցելել էր Հայաստան 2001 թվականին, իսկ գեղաթերթիկի աջ նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը, որն այցելել էր Հայաստան 2016 թվականին:
Գեղաթերթիկի վերին և ստորին հատվածներում նշված են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան» և «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» գրառումները՝ հայերեն և անգլերեն:
Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված են Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը: