Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Մասնագետներն այսօր Երևանի պետական համալսարանում էին: Սոցիոլոգիայի ֆակուլտետում օրը քննական էր. տեսուչներն արձանագրեցին՝ ապագա սոցիոլոգները սոցիալական հեռավորություն չեն պահում:
Կարինե Սարգսյան, ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի բժիշկ-հիգիենիստ - Նույնիսկ մանկահասակ երեխաները դիմակը կրում են և ավելի խելոք են կրում, քան երիտասարդները: Երբ նրանք հասկանան, որ նրանց դիմակ կրելուց կախված է հիվանդության տարածումը, երևի թե ավելի խղճով մոտենան:
Դիմակ կրելուց նեղվող, բայց դրանից չհրաժարվող դասախոսի հորդորն է ուսանողներին՝ նախևառաջ սոցիալական պատասխանատվություն դրսևորել և մտածել ոչ միայն իրենց, այլև մյուսների առողջության մասին:
Նունե Գեղամյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս - Դժվարությունները կապված են լսարանների տարողունակության հետ, երբեմն կուրսերը մեծ են և դժվարությունը դիմակով խոսելն է այնպես, որ 60 ուսանող միևնույն ժամանակ լսի և հասկանա: Շատ դժվար է, ես հիմա էլ դժվար եմ խոսում, բայց պարտավոր ենք:
Պետհամալսարանում ԱԱՏՄ տեսուչները ռեկտորի պաշտոնակատարի հետ էլ հանդիպեցին: Քննարկեցին կատարվող աշխատանքները: Գրանցամատյանները տեղում պատասխանատուների հետ ստուգեցին ու համալսարանականերին հորդորեցին 19 ֆակուլտետ ունեցող Մայր բուհում պարտադիր դիմակ կրել, լսարանները, միջանցքները պարբերաբար ախտահանել: Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև պատվաստման ցուցանիշներին:
Հովհաննես Հովհաննիսյան, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար - Օրական 70-80 հոգի միայն պատվաստվում են ԵՊՀ տարածքում, մենք նույնիսկ երկրորդ կետի անհրաժեշտության մասին ենք հայտնել, որպեսզի է՛լ ավելի արագ լինի այս գործընթացը: Կարելի է ասել, որ հակապատվաստումային քարոզարշավը կոտրված է ԵՊՀ-ում, և համալսարանի անձնակազմի մեծ մասը գիտակցում է պատվաստման անհրաժեշտությունը:
Ավելի քան 16.000 ուսանող ունեցող պետհամալսարանն առանձին բուժկետ ունի, կենտրոնական մասնաշենքի դիմաց շարժական պատվաստման կայան էլ կա: Վարչական մասի աշխատողների և դասախոսների 60 տոկոսը՝ առաջին, 35 տոկոսը՝ երկրորդ դեղաչափով արդեն պատվաստվել է:
Արմեն Թադևոսյան, ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ - Մենք մեծ բռնկումներ չունենք, երկու ֆակուլտետում ենք այդպիսի դեպք ունեցել, եթե չեմ սխալվում՝ միջազգային հարաբերություններում կար, կենսաբանականում կար, անմիջապես անցկացրել ենք հեռավար ուսուցման:
Պետհամալսարանը դեռ չի հաշվել, թե ուսանողների քանի տոկոսն է պատվաստված: Քննություններից հետո այդ տվյալներն էլ կհավաքագրեն: Կորոնաթվերով պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հանրապետության բուհերում մինչև նոյեմբերի 15-ն ուսուցումը հեռավար է: