Երևանում հոկտեմբերի 29-31-ը տեղի կունենա «Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայում, պահպանություն, հանրայնացում» թեմայով եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին։ Ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում:
Անրի Վերնոյի ստեղծագործական ուղին սկսվել է Ֆրանսիայում։ Ռեժիսորի շուրջ 40 լիամետրաժ ժապավենները քրեական ժանրի նմուշներ են՝ արկածային, ոստիկանական, գանգստերական թրիլերներ։ Վերնոյը հայկական թեմատիկային դիմել է իր ռեժիսորական կարիերայի մայրամուտին՝ ստեղծելով իր հանրահայտ ինքնակենսագրական մելոդրաման՝ «Մայրիկը», 1991-ին, որը դարձավ նաև սփյուռքահայ կինոպատկերագրության նշանավոր գործերից մեկը։ Վերնոյի ստեղծագործական ուղին նման է այլ սփյուռքահայ կինոգործիչների անցած ճանապարհին, որոնք օտարության մեջ կենդանի են պահել հայկական մշակույթը։
Օգտագործելով Անրի Վեռրոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը որպես ելակետեր՝ գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալու այս երկակի երևույթներին՝ որպես ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն՝ համաշխարհային կինոպատմության համատեքստում։
Այնուամենայնիվ, ազգային կինոժառանգություն ձևավորելու ցանկությունը՝ հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո, մեծապես սահմանափակել է տարածաշրջանային կամ սփյուռքի կինոժառանգության դիտարկումը որպես 20-րդ դարի միջազգային կինոյի մաս: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները:
Գիտաժողովի նպատակն է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։
Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վերնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վերնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն, և կցուցադրվի նրա՝ 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական ֆիլմը։
Որպես ամփոփում՝ գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկուցումները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով։