ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, թե նոյեմբերի 9-ին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Մամուլում նշված էր նաև նախատեսվող փաստաղթղթերի մասին՝ կապված սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև կոմունիկացիաների բացման հետ:
Միրզոյանի խոսքով՝ այդ ֆորմատով հանդիպում նախատեսված չէ:
«Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ: Ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում:
Անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ քննարկված բովանդակությամբ այդ երկու փաստաթղթերի ստորագրումը, անշուշտ, չի նախատեսվում: Նաև ուզում եմ ավելին ասել, որ այդ հանդիպումները մեզ համար նաև կիրառական նշանակություն ունեն: Նախևառաջ, ևս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների ամբողջությունը, առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության հարցերը: Ավելի լայն առումով այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և փորձելու ջանքեր գործադրել ավելի երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:
Խոսելով բանակցությունների ու դրանց բովանդակության մասին՝ Միրզոյանը նշեց. «Փակ դռների հետևում վարվող բանակցություններում, քննարկումներում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի հրապարակավ հայտնած դիրքորոշումներին»: