Համապետական ծառատունկ` Հայաստանի ամբողջ տարածքում: «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության շրջանակում կտնկվի շուրջ 260 000 ծառ: Այս տարվա նոյեմբերի 14-ին կայանալիք աշնանային ծառատունկում կազմակերպիչները նորություն ունեն:
Տիգրան Գեղամյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական - 200 000-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության տարբեր մասնաճյուղերում, 50 000 տրամադրվելու է տարբեր տեղական ինքնակառավարման մարմիններին: Այս տարի նորամածութուն են կիրառելու՝ 10 000 ծառ տրամադրվելու է կազմակերպությունների և ընկերությունների՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նախանշված տարածքներում տնկելու համար:
10 000 ծառ կազմակերպություններին ու ընկերություններին տրամադրելու նպատակը մարդկանց մոտ բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է: «Հայանտառի» տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ մասնավոր ընկերություններին այս աշխատանքում ներգրավելու շեշտը դրել են երևանյան ընկերությունների վրա:
Պավել Ցուգունյան, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար - Որպեսզի Երևանի ընկերությունների աշխատակիցները մեր աշխատակիցների ներկայությամբ տնկեն մեր նշած հատվածներում:
Համապետական ծառատունկն իրականացվում է հողերի դեգրադացիայի, օդի աղտոտվածություն, կլիմայի փոփոխության դեմ պայքարն ավելի արդյունավետ դաձնելու համար: Կա նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորության խնդիրը:
Պավել Ցուգունյան - Միջազգային պարտավորության շրջանակում ՀՀ-ն մինչև 2050 թվականը պետք է կրկնապատկի անտառային ֆոնդը:
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թվականներին արդեն 702 280 ծառ է տնկվել, ինչը Տիգրան Գեղամյանը բավարար տեմպ է համարում՝ կառավարության սահմանած նպատակին հասնելու համար: Ցուգունյանի խոսքով՝ այս նախաձեռնության շրջանակում հիմնականում փակարմատային տնկիներ են, որոնք աճեցվում են «Հրազդանի» անտառտնտեսության ջերմոցում: Դրանց թիվը շատանալու է:
Պավել Ցուգունյան - Նախատեսվում է 12 ջերմոց ստեղծել «Հայանտառի» անտառտնտեսություններում, որով կստանանք տարեկան 1.5 մլն տնկի: Խոսքը փակարմատային տնկիների մասին է, որի կպչողականությունը շատ բարձր է:
Համապետական ծառատունկն իրականացնելու համար բյուջեից գումարներ չի ծախսվում: Ֆինանսավորումը ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության և Կանաչ կլիմայի հիմնադրամից է:
Տիգրան Գեղամյան - Ութամյա ծրագրի համար նախատեսված է 18.7 մլն ԱՄՆ դոլորի ծախս:
«Հայանտառի» ուշադրության կենտրոնում է նաև ապօրինի անտառահատումների խնդիրը: 2020 թվականին ապօրինի հատվել է 9 711, 2021 թվականի ընթացքում՝ 9086 ծառ:
Պավել Ցուգունյան - Հիմնական շեշտը դրվելու է անտառապահպանության վրա: Ներկայում նախատեսում ենք անտառային կոմիտեներում ստեղծել շուրջօրյա անտառային ծառայություն, ինչը մեծ առավելություն է: Փոքր մոբիլ խմբերը շուրջօրյա կաշխատեն: Դա կնպաստի անտառապահների զգոնության բարձրացմանը, քանի որ կիմանան, որ իրենց էլ են հետևում:
Ապօրինի անտառահատման ամենաշատ դեպքերը գրանցվում են Հրազդանի և Թումանյանի անտառտնտեսություններում:
Հեղինակ՝ Անի Ավագյան