ԱՄՆ Կոնգրեսի 11 անդամ նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով հրաժարվել Թուրքիային F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքից։ Նամակում նշվել է, որ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը ՆԱՏՕ-ում, վտանգ է ներկայացնում ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ նրա դաշնակիցների համար՝ հայտնում է Reuters-ը:
Կոնգրեսականներն ընդգծել են, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից 40 հատ F-16 գնելու մտադրության մասին լուրերին։ Նրանք հիշեցրել են Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Անկարան առաջիկայում կարող է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ ձեռք բերել։
«Մենք չենք կարող անտեսել, որ ամերիկյան արտադրության ինքնաթիռ վաճառելով մի դաշնակցի, որն իրեն իրականում թշնամու պես է պահում, սպառնալիք ենք ստեղծում մեր ազգային անվտանգության համար: Անհամբեր սպասում ենք Ձեր պատասխանին և ակնկալում ենք, որ կհրաժարվեք մեր ռազմական ինքնաթիռներով Թուրքիային էլ ավելի հզորացնելուց»,- գրված է նամակում:
Հոկտեմբերի 23-ին Անկարան հայտնել էր, որ թուրքական ՌՕՈՒ-ն գործարկել է 40 հատ F-16 կործանիչների գնման ընթացակարգը: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ հայտարարել էր, որ զինված ուժերն ԱՄՆ-ից ակնկալում են ոչ միայն նոր մատակարարումներ, այլև «ներդրում Թուրքիայի առկա ռազմական ինքնաթիռների արդիականացման գործում»: