Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան անկայունություն է ստեղծում և ապակառուցողական դերակատարում ունի տարածաշրջանում։
Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններ է արել նաև Էլ-Ռիադում պանելային քննարկման ժամանակ՝ գրում է Ermenihaber-ը։
«Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական սպառնալիք կա։ Հավատում եմ, որ Թուրքիան, ի վերջո, կհասկանա, որ Արևելյան Միջերկրականում իր դիրքորոշումը որևէ արդյունք չի ունենալու»,- նշել է վարչապետը։
Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է նաև Ֆրանսիայի և Անգլիայի հետ պաշտպանության ոլորտում ստորագրված պայմանագրերին, Հունաստան-ԱՄՆ համատեղ պաշտպանական արձանագրության թարմացմանը։ Այդ համատեքստում նա շեշտել է, որ «ուժեղ դաշինքներ են ստեղծել և իրենց սահմանները շատ հստակ են գծել»։