Անթալիայի դատարանը Թուրքիայից չհեռանալու պայմանով ազատ է արձակել անտառ հրկիզելու մեղադրանքով ձերբակալված յոթ ռուսաստանցիների։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ գլխավոր հյուպատոսությանը։
Թուրքական դատարանի որոշման պաշտոնական ծանուցման մասին տեղեկացնում է պաշտպանական կողմը, չնայած այն դեռ չի ուղարկվել գլխավոր հյուպատոսություն՝ ընդգծել է ՌԴ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 25-ին յոթ ռուս զբոսաշրջիկների խումբը հայտնել էր, որ իրենց ձերբակալել են Թուրքիայի Անթալիա քաղաքում անտառը հրկիզելու համար: Զբոսաշրջիկները հերքել են մեղադրանքները։ Ըստ ռուսների՝ նրանք պատահաբար տեսել են անտառային հրդեհն ու որոշել են այն հանգցնել։ Երբ հասկացել են, որ չեն կարողանում ինքնուրույն գլուխ հանել, փրկարար ծառայություն են կանչել Լիկիայի արահետ, իսկ անտառի ելքի մոտ տեղի ոստիկանությունը նրանց ձերբակալել է: