Ամերիկացի սենատորները հավանություն են տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իրենց նախկին գործընկեր Ջեֆ Ֆլեյքի նշանակմանը՝ հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությանը։
Թեկնածուի հաստատումը տեղի է ունեցել դիվանագիտական սկանդալի կարգավորումից հետո՝ կապված Թուրքիայից տասը օտարերկրյա դեսպաններին, այդ թվում ԱՄՆ-ի դեսպանին արտաքսելու մասին նախագահ Էրդողանի որոշման հետ:
Ֆլեյքը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմնակիցն է, ներկայացրել է իր հայրենի Արիզոնա նահանգը նախ Կոնգրեսի ստորին պալատում, ապա՝ Սենատում 2001-2019 թվականներին:
Ավելի վաղ Էրդողանը սպառնացել էր անցանկալի անձ հայտարարել տասը դեսպանների, որոնք պաշտպանել էին ձերբակալված իրավապաշտպան Օսման Քավալային: Թուրքիայի նախագահը հրաժարվել է իր մտադրությունից, երբ դեսպանությունները թուրքական իշխանություններին հավաստիացրել են իրենց հավատարմությունը հյուրընկալող երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Ֆլեյքը հայտարարել էր, որ կպաշտպանի նախագահ Բայդենի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և ճանաչման ուղղությամբ ջանքեր կգործադրի: Ֆլեյքը նաև հաստատել է, որ մտադիր է մասնակցել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումներին: