Հոկտեմբերի 27-ին «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների և հետպատերազմյան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ» վեբինարը։
Զեկույցով հանդես են եկել իրանագետ Ժաննա Վարդանյանը, ռուսական և եվրասիական ուսումնասիրությունների ու միջազգային էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Շոիբ Բահման, եվրասիական հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեն, միջազգային հարաբերությունների գծով գիտությունների թեկնածու Էհսան Մովահեդիան, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Փորձագետ Ահմադ Քազեմին, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած այսպես կոչված «միջանցքի» գաղափարին և պանթյուրքական ծրագրերին, շեշտել է, որ նման վտանգավոր գործընթացը կանխելու համար Հայաստան-Իրան համագործակցությունը բոլոր ոլորտներում պետք է զարգանա։
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Արցախյան 44-oրյա պատերազմի արդյունքում փոփոխված տարածաշրջանային «ստատուս քվո»-ն նոր մարտահրավերներ է առաջացրել Վրաստանի համար․ «Տեսնելով վտանգներ Թուրքիայի առաջ քաշած 3+3 ձևաչափում՝ Վրաստանը հանդես եկավ իր Վրացական պլատֆորմի նախաձեռնությամբ»:
Անդրադառնալով տարածաշրջանում հայկական կողմի անելիքներին՝ Մելիքյանը նշել է, որ թե՛ ՀՀ-ԻԻՀ ու ՀՀ-Վրաստան հարաբերություններում, թե՛ ավելի լայն ձևաչափերում հարկավոր է «կենացային» հարաբերություններից անցնել ավելի պրակտիկ դաշտ և կյանքի կոչել բոլոր նախատեսված ծրագրերը, ինչն էլ ավելի կամրապնդի տարածաշրջանում երկու երկրների դերը ու էլ ավելի իրատեսական կդարձնի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Իրանի գլխավոր մարտահրավերներին, երկու երկրների տնտեսական, քաղաքական համագործակցությունների հնարավորություններին, 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի հետապնդած նպատակներին և Հարավային Կովկասում առկա նոր զարգացումների պայմաններում Վրաստանի հեռանկարներին: