Ուկրաինայի զինված ուժերը երեքշաբթի Դոնբասի տարածքում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար» մարտական հետախուզական և հարվածային անօդաչու համակարգը՝ հայտնել է Դոնբասում միացյալ ուժերի շտաբի մամուլի կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Հակառակորդին զինադադար պարտադրելու նպատակով Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով կիրառվել է «Բայրաքթար»։ Անօդաչու թռչող սարքը չի հատել բախման գիծը և կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ հրետանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվել է նաև, որ «Բայրաքթարի» կիրառմամբ հաջողվել է դադարեցնել ուկրաինական դիրքերի ռմբակոծումը, ինչի հետևանքով զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր, մեկը վիրավորվել է:
Դոնեցկի ղեկավարությունը հայտնել է, որ երեքշաբթի ուկրաինական բանակը առաջ է շարժվել Դոնբասի Ստարոմարևկա գյուղի տարածքում գործող անվտանգության գոտում։
Լուգանսկն էլ ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար՝ կապված Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի կողմից թուրքական արտադրության «Բայրաքթար» մարտական ԱԹՍ-ի կիրառման հետ։