Լիտվայի կառավարության գործընկերներին հրավիրում եմ մասնակիցը դառնալու Հայաստանի բարեփոխումների լայն օրակարգին՝ ուղղված դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտներ ստեղծելուն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ավելի լավ կառավարման ապահովմանը։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիչե-Տոլոչկիենեի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում դեսպանը Լիտվայի արդարադատության նախարարի անունից Կարեն Անդրեասյանին հրավիրել է Վիլնյուս՝ մի շարք ուղղություներով համագործակցելու համար։
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ Վիլնյուս այցելելու հրավերի համար ու դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, ոստիկանության բարեփոխումներին, ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարին և այլն։
Նախարարը, ի թիվս այլ գործոնների, մեկնարկած բարեփոխումները հաջողելու գրավական է համարել այդ գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և դրա ուղղությամբ ձեռնարկված ու շարունակվող աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացրել Լիտվայի դեսպանին։
Դեսպանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարություն-քաղաքացիական հասարակություն ակտիվ համագործակցությունը և բարեփոխումների մի շարք ուղղություններով սեփական փորձով կիսվելու ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել։