Ֆրանսիայի Սարտ դեպարտամենտի պրեֆեկտուրայի հրամանով Ալլոն կոմունայի մզկիթը վեց ամսով փակվել է ահաբեկչություն քարոզելու համար։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France Bleu ռադիոն։
«Այս մզկիթում կարդացված քարոզները հիմնականում արդարացնում էին զինված ջիհադը՝ միաժամանակ ատելություն սերմանելով Ֆրանսիայի հանդեպ»,- ասվում է Ֆրանսիայի ՆԳՆ հայտարարության մեջ: France Bleu-ի փոխանցմամբ՝ տեղի իմամները Ֆրանսիայի ժողովրդին անվանել են «անհավատներ և իսլամաֆոբներ»։
Հետաքննությունը պարզել է, որ մզկիթը ղեկավարող Juste Milieu և Al Qalam կրոնական միավորումների առաջնորդները 2020 թվականին ծխականներին կոչ են արել պայքարել իսլամաֆոբների դեմ և հայտարարել են, որ Ֆրանսիան, իբր, պատերազմ է հայտարարել իսլամին: Սարտի դեպարտամենտի դատախազությունը հետաքննում է տեղի մահմեդական համայնքի ներկայացուցիչներին։