Մենք չենք թողնի, որ որևէ քաղաքապետ, համայնքի ղեկավար նստի և ոչ մի բան չանի՝ պատճառաբանելով, որ փող չկա. դա շատ ընդունված պրակտիկա է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի՝ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք փողի տեղն էլ ենք ցույց տալիս, փողը հավաքելու ձևն էլ ենք ցույց տալիս, պարտադրում ենք, որ դա անեն, ուրիշ տարբերակ չունեն, հետո մեխանիզմն այնպես ենք դնում, որ դա ներդնեն որպես կապիտալ ներդրում, որպեսզի մարդն իր համայնքում կյանքի փոփոխությունը տեսնի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ՀՀ-ում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել:
«Ըստ էության, 2019 թվականից մինչ օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք, չեք գտնի միջինից բարձր կամ խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Ընդ որում՝ այդ ծրագրերով կառուցվում են, հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 40-30 տարի չեն հիմնանորոգվել: Նորոգվում են տանիքներ, որ 25-30 տարի չեն նորոգվել, վերակառուցվում են մանկապարտեզներ, որ 25-30 տարի չեն նորոգվել: Պետք է ասեմ, որ, այո՛, սա եղել է կառավարության դրած հարցը և պահանջը և պայմանը համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում, և ուզում եմ ասել, որ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 47 միլիարդ 500 միլիոն դրամ ընդհանուր գումար:
Այսինքն՝ ըստ էության, 100 միլիոն դոլար 2018, 2019, 2020 թվականներին ներդրվել է համայնքերում կոնկրետ կապիտալ ծրագրերով: Ես կարծում եմ, որ ՀՀ համայնքները, համենայն դեպս 2 տարվա ընթացքում (խոսքը Երևանից դուրս համայնքների մասին է), երբեք այսպիսի ներդրում չեն ստացել. ընդ որում՝ այս ծրագրերում 25.6 միլիարդից ավելի Կառավարությունն է ներդրել, 21.4 միլիարդ դրամը համայնքներն են ներդրել. ընդ որում՝ մենք շատ հստակ վերահսկողություն ենք իրականացրել իրավապահ մարմինների միջոցով, որպեսզի համայնքները հարկերի հավաքումը պատշաճ իրականացնեն և պատշաճ բյուջետային կարգապահություն սահմանեն: Եվ հիմա ՀՀ քաղաքացիներն իրենց քաղաքներում տեսնում են լայնածավալ շինարարությունները, և պետք է արձանագրել, որ դրանք հենց այդ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում են տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը: