Խորհրդարանն այսօր փակ նիստում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները: Այս թեմայով հրատապ քննարկման նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:
Նիստին որպես հարակից զեկուցողներ ներկա են եղել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցն ու Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:
Նրանք նիստի ավարտին չեն պատասխանել լրագրողների հարցերին: Փակ նիստից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ շատ հարցերի պատասխաններ իրենք չեն ստացել, ապա անդրադարձել է Կապանի Փայլասարի վերաբերյալ տարածվող ապատեղեկությանը:
«Նրանք հաստատեցին հետևյալը, որ եղել է ՌԴ հենակետ մեր երկու երկրների հենակետերի միջև: ՌԴ այդ հենակետն իրենց որոշմամբ դուրս է հանվել, և դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան