ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՀԱՐՑԸ
Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագիծն այսօր դրվեց օրենսդրի քննարկմանը: Փաթեթի հեղինակ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հանգստյան թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ն ու 6-ը, իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ն ու 7-ը դարձնել աշխատանքային: Ամբիոնին մոտեցած նախարար Քերոբյանն իր հետ բերել էր Մալքոլմ Գլեդվելի «Յուրահատուկները. հաջողության պատմությունը» գիրքը, որից էլ մեջբերում արեց, ասաց՝ գրքի ամեն տողում գրված է անխոնջ աշխատանքի մասին՝ որպես հաջողության հասնելու միակ ձև:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Խոսքերս ուզում եմ ավարտեմ այս գրքի կարմիր թելը հանդիսացող չինական ասացվածքով. չկա մեկը, ով 365 օր անցնում է աշխատանքի արևածագից առաջ և չի դարձնում իր ընտանիքը հարուստ, եկեք անցնենք աշխատանքի:
Նախարարի համոզմամբ՝ սա զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ: Քերոբյանն այն քաղաքակրթական որակեց: Իր ելույթում հիմնավորումներից չխոսեց, բայց պատգամավորների հարցին ի պատասխան պնդեց՝ մասնավոր հատվածից դրական արձագանք ունեն: Այն, որ հունվարի 5-ն էլ՝ Սուրբ Ծննդյան նախօրեն, դառնում է աշխատանքային, սա էլ նախարարը նորմալ է համարում:
Վահան Քերոբյան - Մարդիկ կարող են Ճրագալույցին ժամանակին գնալ եկեղեցի, կարծում եմ՝ որ ստեղ հակասություն չկա, հակասությունը իրականում հակառակում է, էն, որ մենք հիմա Ամանորի 6-7 օրերին զբաղվում ենք որկրամոլությամբ, դա իրականում հակաքրիստոնեական է:
Ինչո՞ւ եք տոնը խլում մարդկանցից, Նոր տարվա այդ 8 օրերն առիթ են միասին հավաքվելու, շփվելու, նշելու` հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը: Պատգամավորի դիտարկմանը Քերոբյանն արձագանքեց՝ դա այդքան էլ ավանդույթ չէ, երկար հանգստանալու մոդելը 10-15 տարի առաջ է ներդրվել: Իշխող խմբակցությունից էլ հայտարարեցին՝ ոչ մեկը ոչ ոքից տոն չի խլում, խրախուսվում է աշխատանքի մշակույթը:
Վիգեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ախր 7 օր էս ժողովուրդը վարկ է վերցնում, պարտք է անում, ու մրցակցություն է սկսվում, ով ինչ սեղան կքցի, պետք է վերջ տալ էս ամեն ինչին:
Իշխանական պատգամավորի դիտարկմանը «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն արձագանքեց՝ իշխանությունն այնպես պետք է անի, որ մարդիկ պարտք վերցնելու, Նոր տարի նշելու խնդիր չունենան:
Էլինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ես հասկանում եմ՝ հիմա գնաճի դեմ ոնց եք պայքարում, սեպտեմբերին 8.9 տոկոս գնաճի պայմաններում ասում եք՝ տոները կրճատեք, փող ծախսելու խնդիր չեք ունենա, էդպես էլ կպայքարենք, էլ ժողովուրդը չի նեղվի, որ թանկ ա ամեն ինչ
Ընդդիմությունից տնտեսագետ պատգամավորն էլ տարակուսեց՝ ինչու է պատասխանատու պաշտոնյան խուսափում օրենքի տնտեսական բաղադրիչը զեկուցելուց, բա էլ ով, եթե ոչ նա պետք է խոսի ոլորտային առավելություններից:
Արթուր Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Գրքից մեջբերումներ եք անում, ասացվածքներից էլ արեք մեջբերումներ՝ ով ալարի, ոչ դալարի, ոչ չաշխատի, նա չուտի, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, աշխատանքը կապիկին մարդ սարքեց... Էկոնոմիկայի նախարար եք, եկեք հիմնավորեք տնտեսական լեզուներով:
Տնտեսական հիմնավորումներից խորհրդարանի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը խոսեց: Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ եթե ոչ աշխատանքային օրերը կրճատվեն, դրանից կշահի ներքին տուրիզմը:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե երկար ա լինում հանգստյան օրերը, մարդիկ գնում էին արտերկիր, իսկ հիմա այդ գումարները կծախսեն Ծաղկաձորում, Ջերմուկում կամ Դիլիջանում:
ՆՈՐԱՍՏԵՂԾ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԻ ՀԱՐՑԸ՝ ԱԺ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Հաջորդ հարցն արդեն նոր ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմին էր վերաբերում: «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ, պատգամավորների թվի առնվազն 1/4 պահանջով ու իրավունքի ուժով ձևավորված նոր հանձնաժողովն ուսումնասիրելու է պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած ու պետական բյուջե փոխանցած 52 մլրդ դրամի ծախսերի արդյունավետության հարցը:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Ներքին հույս ունեմ, որ դրանց մի մասը կհերքվի, բայց իմ այս պահին ունեցած տվյալների հաշվին, կարծում եմ՝ մենք շատ ու շատ սրիկայություններ կբացահայտենք:
ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանն էլ սրիկայություն բնորոշեց այն, որ մտածված քաղաքականություն է վարվում՝ հիմնադրամը վարկաբեկելու հարցում: Այսպիսի անհանգստություն, ասաց, սփյուռքում կա, իր ընկերներն են մտահոգված: Նկատեց՝ իշխանությունը պակաս շահագրգիռ չէ ուսումնասիրելու ու պարզելու՝ եղե՞լ են չարաշահումներ, թե՞ ոչ:
Վիգեն Խաչատրյան - էդ ձեր մենաշնորհը չի, բոլորս կմասնակցենք ու կպարզենք, եթե կլինեն սխալներ, կկանչենք պատասխանատվության, ու եթե չի լինի, կհասկանանք, որ սրիկայություն չի եղել, այնպես որ, սրիկայության մասին խոսելուց մի քիչ զգույշ եղեք:
Հաջորդ ելույթն արդեն «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանինն էր: Նա մոտեցավ ամբիոնին ու կրքերը լարվեցին:
Նիստը ընդմիջվեց 20 րոպեով: Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը: