Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ-ին և Արևմուտքի մյուս երկրներին կոչ է արել չեղարկել Աֆղանստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է Կատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարության փոխնախագահ Աբդուլ Գանի Բարադարի հետ հանդիպմանը:
«Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում հումանիտար դժվարություններին, որոնց ներկայումս բախվում է Աֆղանստանը, և վճռականորեն կոչ է անում ԱՄՆ-ին և Արևմուտքի երկրներին չեղարկել պատժամիջոցները»,- ասել է Վան Ին: Նրա խոսքով՝ բոլոր կողմերը պետք է խելամիտ և պրագմատիկ կերպով շփվեն թալիբների հետ, որպեսզի օգնեն Աֆղանստանին կանգնել զարգացման ուղու վրա:
Արտգործնախարարը վստահեցրել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակելու հումանիտար օգնություն ցուցաբերել Աֆղանստանին իր հնարավորությունների չափով:
Վան Ին ասել է, որ Չինաստանը երբևէ չի խառնվել Աֆղանստանի ներքին գործերին: Նրա խոսքով՝ Պեկինն աջակցում է երկրի կայունացմանը և վերականգնմանն ուղղված՝ Աֆղանստանի ժողովրդի ջանքերին: