Մոլդովայի իշխանությունները ցանկանում են «Գազպրոմի» հետ համատեղ աուդիտ անցկացնել՝ պարզելու «Մոլդովագազ» ընկերության պարտքի ճշգրիտ չափը: Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք պատրաստ ենք վճարելու պարտքի որոշակի մասը որոշակի ժամանակահատվածում: Բայց մենք չգիտենք, թե ինչպես է գոյացել այդ պարտքը։ Մենք ցանկանում ենք աուդիտ անցկացնել, հնարավոր է նաև՝ «Գազպրոմի» հետ համատեղ՝ պարզելու պարտքի ճշգրիտ չափը և հասկանալու, թե ինչպես վճարել այն»,- ասել է Գավրիլիցան:
Նախօրեին այդ մասին հայտարարել էր երկրի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն:
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ ընկերությունը պատրաստ է շարունակելու գազամատակարարումը Մոլդովային միայն 700 մլն դոլարի պարտքի մարման պայմանով: Հակառակ դեպքում դեկտեմբերի 1-ից հանրապետության գազամատակարարումը կարող է դադարեցվել։
Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ վեճի ֆոնին Մոլդովայի կառավարությունը որոշել է գազ գնել Լեհաստանից։ Քիշնևն արդեն 1 մլն խմ գազի փորձնական գնման պայմանագիր է ստորագրել։