Մեր երկրում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է 7 տոկոս, իսկ առնվազն մեկ դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:
Թորոսյանի խոսքով՝ դա շատ հեռու է ցանկալի ծածկույթից, որպեսզի մենք համավարակը համարենք հաղթահարված:
«Բարեբախտաբար, մեր պետությունն ամբողջովին անվճար ապահովում է COVID-19-ի պատվաստանյութերի հասանելիությունն այնպես, ինչպես տարիներ շարունակ ապահովել է այլ պատվաստանյութերինը: Ավելին, մեր քաղաքացիները կարող են ընտրություն կատարել մի քանի պատվաստանյութերի միջև: Այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում մենք իրական շանս ունենք վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին, բացի այդ, պատվաստանյութը, ըստ էության, միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ: Ըստ վիճակագրության՝ այս պահին աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է: Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70 և ավելի տոկոսը»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանը կոչ արեց պատվաստվել և խնայել բուժաշխատողներին:
«Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ բացի կորոնավիրուսից, կան նաև այլ հիվանդություններ, որոնք պետք է բուժել, կանխարգելել և բժշկական անձնակազմի ներուժն ուղղել նաև այնտեղ: Տեսնելով մահացության և կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները՝ յուրաքանչյուրս պետք է մեզ ուղղենք հետևյալ հարցը՝ արդյոք միֆերն ու ապատեղեկատվությունը, կեղծիքն ու շահարկումն ավելի ծանրակշի՞ռ են, քան մարդկային կյանքերը. կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, որ ոչ»,- նշեց Թորոսյանը: