Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 21.20-ի սահմաններում, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 37-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3163» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում: Երեք ուղևորները՝ 57-ամյա Կամո Պետրոսյանը, 40-ամյա Արկադի Ամիրխանյանը և 56-ամյա Սարգիս Բաբայանը, մահացել են, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից էլ հայտնում են, որ պատահարի հետևանքով մահացած և վիրավոր քաղաքացիները շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսություն մասնաճյուղի Նավուրի անտառապետության անտառապահներն են, որոնք գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։
««Արծվաբերդ» մասնաճյուղի տնօրենը ծանր վնասվածքներով այժմ գտնվում է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանի և նախարարության աշխատակազմի անունից ցավակցություն ենք հայտնում մեր գործընկերների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին, ուժ և տոկունություն ենք ցանկանում։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին անձնվիրաբար և անշահախնդիր ծառայության համար։
Պատահարը տեղի է ունեցել ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի՝ «Արծվաբերդի» անտառտնտեսության Նավուրի անտառապետության Թթու ջուր կոչվող հատվածում, որտեղ վերջին շրջանում ահագնացել էին ապօրինի հատումները, և մի շարք անտառխախտումների դեպքերով էլ հաղորդումներ էին ներկայացվել իրավապահներին։
Այս ցավալի միջադեպը ևս մեկ ազդակ է, որ պետք է սթափվել և զերծ մնալ ապօրինի անտառհատումների արգահատելի գործելաոճից»,- նշված է ՇՄՆ-ի հաղորդագրության մեջ: