ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկին և բոլոր այլ ձերբակալված անձանց, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես ևս մեկ անգամ խստորեն դատապարտում եմ Սուդանում զինվորականների կողմից իշխանության բռնազավթումը։ Բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն։ Վարչապետը և բոլոր ապօրինի ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Աբդալա Համդուկին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների: Երկրի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Ալ Բուրհան լուծարել է իշխանության բարձրագույն մարմինները և երկրում արտակարգ դրություն հայտարարել։ Զինվորականներին գլխավոր ընդդիմություն հանդիսացող «Ուժեր հանուն ազատության և փոփոխությունների» շարժման առաջնորդները սուդանցիներին կոչ են արել միանալ համընդհանուր քաղաքացիական անհնազանդության ակցիաների: