Ստեփանավանը վերջին օրերին մեծ շինհրապարակի է նման: Քաղաքում միաժամանակ պետական ու սուբվենցիոն մի քանի ծրագրեր են իրականացվում: Ճանապարհաշինության նման ծավալ ու տեմպ քաղաքում չեն հիշում:
Արմեն Գրիգորյան (Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Ճանապարհների՝ ո՛չ, նման եռուզեռ երբևիցե չի եղել: Ստեփանավանում տվյալ պահին աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ են, առավելևս՝ ճանապարհաշինական աշխատանքներ են տարվում:
Հիմնանորոգվում է Ստեփանավանով անցնող Մ3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ստեփանավանից Միխայլովկա տանող 22.9 կմ ճանապարհահատվածը:
Հրանտ Մինասյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներ) - Բացի նրանից, որ հիմնանորոգվող տեղամասը 2021-ի ծրագրերի մեջ ամենամեծերից մեկն է, այստեղ աշխատանքներն էլ են բավականին մեծածավալ: Կոնկրետ Ստեփանավան համայնքում իրականացվում են ջրահեռացման համակարգերի տեղադրման, կոյուղագծերի տեղադրման համակարգեր:
Երկկողմանի ջրահեռացման համակարգերի, ջրագծերի և կոյագծերի կառուցման աշխատանքների մեծ մասն ավարտված է: Ենթակառուցվածքներն ամբողջությամբ փոխարինում են, որ հիմնանորոգվող ճանապարհը երկար կյանք ունենա:
Անդրանիկ Գրիգորյան (տեղամասի ղեկավար) - Կարելի է ասել՝ ոչ մի համակարգ համարյա չէր գործում՝ ո՛չ ջրահեռացումը, ո՛չ կոյուղագիծը, իսկ ջրագծի մասին ընդհանրապես խոսք չկա:
Հիմնանորոգվող միջպետական Մ3 ճանապարհի պայմանագրային արժեքը ավելի քան 554 մլն դրամ է: Ստեփանավանով անցնող հատվածն ընդգրկում է Բաղրամյան և Վիրահայոց փողոցները:
Հրանտ Մինասյան - Ստեփանավան և Տաշիր համայնքներում տեղադրվելու են նաև մայթեր, ամբողջությամբ փոփոխվելու է այդ մասով քաղաքի տեսքը: Տեղադրվելու են նաև լուսացույցներ: Աշխատանքների ավարտին կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ավտոճանապարհ, որը կծառայի 15-20 տարի:
Այստեղ նաև մայթերի ծածկն են փոխում, ինչը քաղաքին ավելի գեղեցիկ ու կոլորիտային տեսք կտա:
Անդրանիկ Գրիգորյան - Ունենք նախագծում նաև 10 կամրջի վերանորոգման աշխատանքներ, այս պահին ընթանում են զուգահեռ 5 կամրջի վերանորոգման աշխատանքները:
Համայնքում ընթացքի մեջ են նաև կարևոր նշանակության մեկ այլ ճանապարհի շինաշխատանքները:
Արմեն Գրիգորյան - Տվյալ պահին աշխատանքներ են տարվում Սուրբ Վարդանի փողոցում, դա հիվանդանոց տանող ճանապարհն է, դա ահավոր վիճակում էր:
230 մլն դրամ արժողությամբ 1.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերանորոգվում է պետական միջոցներով: Զուգահեռաբար՝ համայնքում սուբվենցիոն մի քանի ծրագրեր են իրականացվում: Այս տարի հասցրել են բազմաբնակարան 4 շենքի տանիք փոխել՝ ընդհանուր 85 մլն դրամ արժեքով: Քաղաքի կենտրոնական փողոցները կազատվեն փոսերից ու անհարթություններից: Հիմնանորոգվում է նաև Երիտասարդական փողոցը:
Արմեն Գրիգորյան -160 մլն դրամ է, 60:40 հարաբերակցությամբ է, 60 տոկոս՝ համայնքային, 40 տոկոս՝ պետբյուջեից:
Այս ծավալի շինաշխատանքները քաղաքում շարունակական են լինելու՝ նշում են քաղաքային իշխանություններն ու հավելում՝ հերթը Արմանիս-Կաթնաղբյուր 11 կմ-անոց ճանապարհինն է, որը 70-ականներից հետո երբեք չի վերանորոգվել: