Ուզբեկստանի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Շավկաթ Միրզիյոևը՝ ստանալով ընտրողների ձայների ավելի քան 80%-ը: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ամփոփելով հոկտեմբերի 24-ին կայացած քվեարկության նախնական արդյունքները:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ Ուզբեկստանի ժողովրդադեմոկրատական կուսակցության քաղխորհրդի ղեկավարի տեղակալ Մաքսուդա Վորիսովան ստացել է ձայների 66 %-ը, «Ազգային վերածնունդ» ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Ալիշեր Կոդիրովը՝ 5,5%, Էկոլոգիական կուսակցության ղեկավար Նարզուլլո Օբլոմուրադովը՝ 4,1%, իսկ Սոցիալ-դեմոկրատական «Արդարություն» կուսակցության առաջնորդ Բահրոմ Աբդուխալիմովը՝ 3,4%:
Իրեն նախագահի թեկնածու առաջադրած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շուրջ 10 հազար ներկայացուցիչների հետ հանդիպմանը Միրզիյոևը նշել է. «Աջակցությունը, որ ես ստացել եմ ընտրությունների ընթացքում, ցույց է տալիս, որ իմ սիրելի ժողովուրդն աջակցում է այն բարեփոխումներին, որոնք նախաձեռնում եմ։ Ես հասկացա, որ այն ամենին, ինչ մենք արել ենք վերջին հինգ տարվա ընթացքում նոր Ուզբեկստան կառուցելու համար, դուք աջակցում եք և աջակցելու եք»:
Միրզիյոևն իշխանության է եկել Ուզբեկստանում 2016 թ. արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում՝ փոխարինելով Իսլամ Քարիմովին: Այդ ժամանակ Միրզիյոևը ստացել էր ընտրողների ձայների 88,61 %-ը։