Կորոնավիրուսի 4-րդ ալիքի ընթացքում ավելացել են նաև երեխաների վարակման դեպքերը: Նախորդ շաբաթվա ամփոփիչ տվյալով երեխաների համար նախատեսված Քովիդ կենտրոններում 60-ից ավելի բուժվող կա. այդպիսի մեծ թիվ նախկինում չի արձանագրվել: Նշում է Առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդականը: Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ եթե մինչև այս տարվա հուլիս դրական թեստավորումների ընդհանուր թվում երեխաների տեսակարար կշիռը մինչև 4 տոկոս էր, հիմա 7-ից ավելի է:
Սերգեյ Սարգսյան, ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության հարցերով խորհրդական - Հոսպիտալացվում են, երբ կա թոքաբորբ, ձգձգված տենդ, կրկնակի փսխումներ, կարող է ուղեկցել այլ վարակներով, կարող են լինել ուղեղի թաղանթի բորբոքումներ: Հիվանդանոցներում ներկայումս գտնվող երեխաների շրջանում գերակշռում են միջին ծանրության և միջինից դեպի ծանր դեպքերը:
Վարակի ծանր ընթացք ամենաքիչը հանդիպում է միջին տարիքի երեխաների մոտ, իսկ ծանր ընթացք ավելի հաճախ ունենում են մինչև 2 տարեկանները և ավագ դեռահասները: Երեխաների շրջանում մահվան դեպքեր ևս գրանցվել են:
Սերգեյ Սարգսյան - Սկսած անցած գարնանից՝ ունեցել ենք անմիջապես Քովիդով պայմանավորված 3 մահվան դեպք, մեկն էլ Քովիդի հետևանքներով:
Ավելացնում է՝ այս 4 դեպքում էլ երեխաներն ունեցել են ուղեկցող այլ հիվանդություն: Քովիդի ախտանիշները երեխաների մոտ դելտա շտամի դեպքում չեն փոխվել:
Սերգեյ Սարգսյան - Գուցե ավելի հաճախ փորլուծություն, փսխումներ, տենդ:
Քովիդի ավելացած դեպքերին գումարվել են նաև սեզոնային սուր շնչառական հիվանդությունները« Մահճակալային ֆոնդն ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար նախատեսված կենտրոններում ծանրաբեռնված է:
Սերգեյ Սարգսյան - Ներքին հնարավորությունների հաշվին երբեմն ավելի շատ մահճակալ տեղադրելով կարողանում ենք կառավարել, բայց վիճակը ծանր է:
Գլխավոր մանկաբույժը հույս ունի՝ երկարաձգված արձակուրդը գուցե որոշակի չափով կոտրի վարակի տեմպը, բայց դա ժամանակավոր գործիք է:
Սերգեյ Սարգսյան - Հայաստանում այսօր, կրկնեմ, երեխաների պատվաստման հարցը դեռևս օրակարգում չկա և կան խոցելի խմբեր, որոնք պետք է առաջնահերթ պատվաստվեն, բայց իրենց պատվաստմամբ նրանք կօգնեն երեխաներին, քանի որ դեպքերի մեծ մասում երեխաները վարակվում են տան մեծահասակներից:
Մեծահասակների պատվաստումը նաև երեխաների առողջության պահպանման համար է,- վստահեցնում է գլխավոր մանկաբույժը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան