ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության մասնագետները 2021 թվականի սեպտեմբերի 14-22-ը ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացրել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Արզնի,Պտղնի և Քասախ համայնքներում։
Ծաղկաձոր համայնքում բացահայտվել է ինքնակամ շինարարության 3 դեպք։ 1 դրվագով համայնքային սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, հողամասը 2014թ. մարտի 17-ին վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Արմենիան Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին։ Վարձակալած հողամասի վրա ինքնակամ բջջային կապի աշտարակ է կառուցվել։
1 դրվագով էլ համայնքային սեփականություն համարվող հատուկ պահպանվող նպատակային նշանակության՝ հանգստի գոտի համարվող գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ խաղատան կայանատեղի է կառուցվել։
Կառուցապատվել է նաև «Կեչառիս» համալիրի մուտքին հարակից տարածքը։ Ինքնակամ կառուցապատումը կանխելու ուղղությամբ համայնքի ղեկավար ի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։
Հողային օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել աճուրդների, մրցույթների անցկացման գործընթացում, որից միայն 18-ը Ծաղկաձորում։
Մասնավորապես՝ Ծաղկաձոր համայնքի ղեկավարներ Գ․Միրզոյանի, Ա․Հարությունյանի կողմից 2005-2021 թվականներին կայացվել են աճուրդում հաղթող ճանաչելու, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու, կառուցապատման տրամադրման վերաբերյալ մի շարք որոշումներ՝ շրջանցելով Հողային օրենսգրքի, մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներ («Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին», Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, ՀՀ կառավարության 12․04․2001թ․ «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմաասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին N286 որոշում)։
Ծաղկաձոր համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն համարվող հողամասը, որի մի մասը բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամաս է, աճուրդով օտարել է։ Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր հատակագիծը։ Համայնքի գլխավոր հատակագծով նման գործառնական նշանակության հողամաս գոյություն չունի։
Համայնքում պետական, համայնքային նշանակության հողամասերը կառուցապատման նպատակով օտարվել են՝ անտեսելով նախագծերին համապատասխան օտարում կատարելու պահանջը։ Համայնքի ղեկավար Ա․Հարությունյանի որոշմամբ՝ ընդլայնման նպատակով Խ․Մուրադյան փողոցից այնպիսի հողամաս է ուղղակի վաճառքի ձևով օտարվել, որն իր տեղադիրքով պայմանավորված՝ պետք է դառնար հրապարակային սակարկությունների առարկա և օտարվեր աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ՝ կառուցապատման իրավունքով տրամադրվել է այնպիսի հողամաս, որը մինչ տրամադրելն արդեն ծանրաբեռնված է եղել ինքնակամ կառույցներով։
Ինքնակամ կառուցապատման դեպքեր են հայտնաբերվել նաև Քասախ, Արզնի, Պտղնի համայնքներում:
Մասնավորապես Քասախ համայնքում հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 18 դեպք։ 13 դրվագներով ինքնակամ կառուցապատվել են քաղաքացիների սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3 դրվագներով՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասեր: Դրանցից մեկը գործում է որպես քարի արտադրամաս։ 1 դեպքով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին․ կառուցվել է բջջային կապի աշտարակ։ Ինքնակամ կառուցապատվել է նաև համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի 1 հողամաս:
Քասախում աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 8 դեպք է հայտնաբերվել:
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, լինելով 2007թ. ապրիլին կայացած աճուրդի կազակերպիչ, ընդամենը 1 քայլով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային պատկանելության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել համայնքի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին: Հողամասը մինչ ստուգման պահը ծանրաբեռնված է ինքնակամ շինությունով:
2015թ. հողամասի աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի մեկ այլ աշխատակից՝ գլխավոր մասնագետ Աշխեն Հովհաննսիսյանը: Հենց համայնքապետարանի գլխավոր մասնագետ լինելու հանգամանքն էլ կասկած առաջացրել, որ աճուրդը ձևականորեն է կազմակերպված, և նախապես նպատակ է եղել հողամասը Ա.Հովհաննիսյանին տրամադրել:
Համայնքի ղեկավարը 2017թ. ուղղակի վաճառքով հողամաս է օտարել իր որդուն Հայկ Մկրտչյանին՝ դրա համար հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրություններն այն մասին, որ մինչ այդ՝ 2015թ. աճուրդները չեն կայացել՝ հայտ չներկայացնելու հիմքով: Այդպիսով՝ վարկած է առաջանում, որ նախկին աճուրդները ձևականորեն չեն կայացվել, և անհայտ չափորոշիչով գնման նախապատվությունը ձեռք է բերել Հ.Մկրտչյանը:
Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող պատկանող հողամասն օտարել է Վ. Ալավերդյանին, որից հետո այդտեղ ակտիվ ինքնակամ շինարարություն է կատարվել, և դրա կանխման համար քայլեր չեն ձեռնարկվել, կառույցն էլ մինչ այժմ պետական գրանցում չի ստացել:
Տեսչական մարմնի մասնագետները բացահայտել են նաև, որ Քասախ համայնքում իրականացված աճուրդների փաթեթերում բացակայում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և հողամասերն օտարվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՏԱ) նախագծեր տրամադրելու։ Փաստական մի քանի հանգամանքների առկայությամբ վարկած է առաջ եկել՝ առ այն, որ որոշ աճուրդներ ձևականորեն են անցկացվել՝ նախապես նպատակ ունենալով, որ հաղթող ճանաչվեն կոնկրետ անձինք։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում Տեսչական մարմինը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 5 դեպք։
Այսպես՝ համայնքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով գյուղմթերքների սառնարան և օժանդակ շինություն կառուցելու փոխարեն տեղում ինքնակամ այլ շինություններ են կառուցվել։ Գյուղատնտեսական նշանակության մի հողամասում էլ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղների առկայության ինքնակամ ջերմոց է կառուցվել։ Մի քանի հողամասերում ինքնակամ բենզակցակայան, այլ շինություններ են կառուցվել, մեկ այլ դեպքով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ այգի է տնկվել։
Համայնքի Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում ինքնակամ կառուցապատման առիթով հարուցվել է վարչական վարույթ, ձեռնարկվել են միջոցներ, սակայն ինքնակամ կառուցապատումը չի կանխվել, դրա հետևանքերն էլ չեն վերացվել:
Պտղնի համայնքում տարբեր (բնակելի կառուցապատման, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնեսական հողամասերում՝ առանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխության օրինական փաստաթղթերի առկայության կառուցվել են ջերմոցներ, ձկնաբուծական լճեր, հասարակական նշանակության շինություններ: Հավելենք, որ այդ հողամասերի սեփականատերերն են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք։
Պտղնի համայնքում ևս ՔՏՀԱ տեսչական մարմինը աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 9 դեպք է հայտնաբերվել։
Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ձևականորեն կազմակերպել է 4 հրապարակային սակարկություններ՝ դրանցում ներգրավելով իր որդուն՝ Հակոբ Վիրաբյանին և նրան ճանաչել մրցույթի հաղթող։ Մեկ այլ մրցույթում էլ հրապարակային սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս որդին՝ Աշոտ Վիրաբյանը, 3-րդում որդու կինը՝ Դիանա Հովհաննիսյանը։
Երկու այլ դեպքերով էլ հրապարակային սակարկության հաղթող են ճանաչվել իր խորհրդական Անահիտ Գևորգյանը և տեղակալ Երջանիկ Մինասյանը։
Այսպիսով՝ վերը նկարագրված դեպքերում խախտվել են ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։