ԷՐԴՈՂԱՆՆ ՕԱՏՐԵՐԿՐՅԱ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՉԻ ԱՐՏԱՔՍԻ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օտարերկրյա դեսպաններին չի արտաքսի: Անկարայում Էրդողանը հայտարարել է, որ 10 երկրի դեսպանները հրաժարվել են իրենց ավելի վաղ հայտնած դիրքորոշումից և այսուհետև ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում: Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ դեսպանները Թվիթերում հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան՝ չեն պատրաստվում խառնվել Թուրքիայի ներքին գործերին: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրահանգել էր արտգործնախարարությանը 10 դեսպաններին հայտարարել «անցանկալի անձ», երբ նրանք կոչ էին արել ազատ արձակել թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային, որը մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար։
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՍՈՎԻ ԿՄԱՏՆՎԵՆ. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները զգուշացնում են, որ Աֆղանստանում միլիոնավոր մարդիկ սովի կմատնվեն, եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն: 3 միլիոնից ավելի երեխա բավարար սնունդ չի ստանում: Ընդհանուր առմամբ մոտ 23 միլիոն մարդ արդեն այդ խնդրի առաջ է: «Թալիբան» շարժման՝ իշխանությունը զավթելուց հետո Աֆղանստանը զրկվեց Եվրոպայի, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի օժանդակությունից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ աֆղանստանցիների միայն 5 տոկոսն է օրական ստանում անհրաժեշտ քանակի սնունդ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՌԴ-Ի ՄԻՋԵՎ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ. ՋՈՆՍՈՆ
Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև զգալի բարդություններ կան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Խոսքը վերաբերում է նաև այսպես կոչված Սկրիպալների գործին՝ ռուս ընդդիմադիր գործչի թունավորմանը 2018-ին: Ջոնսոնը, ըստ հաղորդագրության, նշել է, որ երկու երկրի հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանար տեսնել: Նրանք քննարկել են նաև Ուկրաինայի հարցը:
ՄՈԼԴՈՎԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶ Է ԳՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ
Մոլդովայի կառավարությունը հայտնել է, որ 1 մլն խորանարդ մետր բնական գազ է գնել Լեհաստանից, երբ չի կարողացել գազի մատակարարման շուրջ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ: Անցած շաբաթ Մոլդովան արտակարգ դրություն էր հայտարարել, երկրում էներգետիկ ճգնաժամ էր՝ «Գազպրոմի» հետ կնքած պայմանագիրն ավարտվել էր, իսկ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն այդպես էլ չէր ստացվել։ «Գազպրոմը» երկարաձգել էր պայմանագիրը մինչև հոկտեմբերի վերջ, սակայն մեկ խորանարդ մետր գազի գինը բարձրացրել էր 550 դոլարից՝ հասցնելով 790 դոլարի: Չնայած Լեհաստանից գազ գնելուն՝ Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ Քիշնևը հետաքրքրված է «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցում: Մոլդովան նաև «Գազպրոմին» ավելի քան 700 մլն դոլար է պարտք արդեն մատակարարված գազի համար:
ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱՆՈՒՄ
Իրանն ամբողջությամբ պատվաստել է բնակչության ավելի քան 35 տոկոսին, հաղորդում ԻՌՆԱ գործակալությունը: Պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել Իրանի բնակչության 60 տոկոսը: Իրանում պատվաստումներն իրականացվում են AstraZeneka, ռուսական Sputnik V, չինական և հնդկական պատվաստանյութերով: Կիրառվում է նաև Իրանում արտադրված Iran Barakat դեղամիջոցը, որով պատվաստվել են երկրի ղեկավարները, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: