Հայաստանի 51 կգ քաշային բռնցքամարտիկ, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ:
Հովհաննիսյանը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 1-ին կմրցի Մարիո Լավեգար (Դոմինիկյան Հանրապետություն) - Հիլ Ռոսքոու (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էլ (63.5 կգ) իմացել է իր առաջին մրցակցին. Բաչկովն աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում կմենամարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի հետ: Հասանովը 1/32 եզրափակչում, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:
Հովհաննես Բաչկով-Մալիկ Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին:
Այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում. երեկոյան մրցահերթում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը 1/32 եզրափակչում ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մոհիդինե Աբեսի հետ: