Գլդանի №18 բանտի հիվանդանոցը լիովին համապատասխանում է բոլոր պայմաններին, որոնք անհրաժեշտ են Միխեիլ Սաակաշվիլու բուժման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալության ներկայացուցիչներն ուսումնասիրում են բանտի հիվանդանոցը և շուտով եզրակացություն կպատրաստեն ոչ միայն Սաակաշվիլու, այլև մյուս բանտարկյալների անվտանգությունն ապահովելու պատրաստականության վերաբերյալ:
«Կարիք չկա Սաակաշվիլուն տեղափոխել մեկ այլ կլինիկա»,- ասել է Տիկարաձեն:
Արդեն 26 օր է՝ Վրաստանի նախկին նախագահը շարունակում է հացադուլը: Սաակաշվիլու անձնական բժիշկները պահանջում են նրա հոսպիտալացումը քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա: Իր հերթին Վրաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է նախկին նախագահին տեղափոխել Գլդանի №18 բանտում գտնվող քրեակատարողական հիվանդանոց, իսկ նրա փաստաբաններին մտահոգում է նախագահի անվտանգությունը բանտային հիվանդանոցում: