Հոկտեմբերի սկզբին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը սեփականատերերից մեկը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը:
2000-ականներից սկսած՝ սա առաջին դեպքն է, երբ պետությունը Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության համասեփականատեր դարձավ: Որպես կառավարության ներկայացուցիչներ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Սյունիք աշխատանքային այցի ընթացքում այցելել են կոմբինատ: Այստեղ հավակնոտ ծրագրեր են կյանքի կոչվելու. նախատեսվում է մինչև 2025 թվականի հունիսը նոր պղնձաձուլարանի շինարարությունը սկսել, զուգահեռ նաև ատոմակայանի կառուցման հարցն է օրակարգում:
Հավակնոտ ծրագրերին զուգահեռ, կոմբինատում նաև դատական գործընթացները չեն ավարտվում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ այն անվավեր ճանաչելու պահանջով:
Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Գործընկերները, ովքեր համարում են, որ էդտեղ կա ոչ իրավաչափ գործողություններ, դիմել են դատարան, բնականաբար, դատարանը նրանց կպատասխանի: Որևէ արտառոց բան չեմ տեսնում, մենք համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իրավաչափ է, և մենք էլ մեր հերթին պիտի պաշտպանենք մեր դիրքերը և ՀՀ շահերը:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱԿՏԻՎ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Փոխվարչապետ Պապիկյանը անդրադարձել է նաև Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերին՝ ընդգծելով, որ դրանք ակտիվ ընթացքի մեջ են և վերջնական պատրաստ կլինեն 2022-ի գարնանը: Ըստ Պապիկյանի՝ Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ։ Իսկ մինչև այդ արդեն նոյեմբերի վերջին շահագործման կհանձնվի Տաթև-Աղվանի շրջանցիկ ճանապարհը: Փոխվարչապետը լսել է վարորդների բողոքները, որոնք պնդում են, որ ճանապարհը նախատեսված չէ բեռնատարների համար:
Սուրեն Պապիկյան - Այլընտրանքային ճանապարհի կառուցումը մենք արդեն սկսել ենք, խոսքը վերաբերում է Տաթև-Լծեն ճանապարհին, և առաջիկա ամիսներին հաջող աշխատանքի պարագայում մենք կունենանք նոր ճանապարհ, և միանգամից երթևեկությունը Մ2-ից կտեղափոխվի Հ46՝ առանց Տաթևի ոլորանների:
ՊԱՊԻԿՅԱՆԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Փոխվարչապետը խոսել է նաև Կապանի առաջիկա ընտրությունների մասին՝ իրենց քաղաքական ուժի հնարավորությունները բարձր գնահատելով:
Սուրեն Պապիկյան - Մենք ունենք բավականին երիտասարդ և ամուր թիմ, և մեր երիտասարդ թիմը առաջիկա 3 շաբաթների ընթացքում պիտի ի ցույց դնի մեր բոլոր նպատակներն ու ծրագրերը, որպեսզի կապանցին վստահի քաղաքի կառավարումը մեր քաղաքական թիմին: ...Ես երբեք չեմ ուզում թերագնահատել մրցակիցներին, և յուրաքանչյուր մրցակից ունի իր արժանի դերը, ու դա քաղաքացու, կապանցու որոշումն է, և կապանցին կորոշի՝ որ թեկնածուն ինչպիսի հեղինակություն ու հնարավորություն ունի:
Խոսելով Սյունիքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին՝ փոխվարչապետն ընդգծել է՝ պետք է հետևություններ անել՝ մյուս ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելու համար: