Կիպրոս կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին: Այդ մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Նախագահի հանձնակատարը, ողջունելով հյուրերին, Կիպրոսի նախագահի բարեմաղթանքներն է փոխանցել` ափսոսանք հայտնելով, որ նա աշխատանքային այցով օրեր առաջ մեկնել է երկրից:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանդիպման և ջերմ ընդունելության համար` հավելելով, որ հայերի ու կիպրացիների արժեհամակարգի ու աշխարհընկալման ընդհանրությունները հայ-կիպրական դարավոր բարեկամության հենքն են:
Երկուստեք կարևորվել են Հայաստանի ու Կիպրոսի կողմից ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերը, ինչպես նաև միասնական պայքարը համամարդկային իրավունքների ու արժեքների պահպանման և արդարության վերականգնման հարցերում: Ալեն Սիմոնյանն անգնահատելի է համարել եղբայրական Կիպրոսի իշխանությունների և խորհրդարանի բոլոր գործընկերների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող բոլոր կենսական հարցերում:
Նախագահի հանձնակատարը, անդրադառնալով հայ-կիպրական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորել է Կիպրոսի հայ համայնքի դերը: Նա ՀՀ ԱԺ նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դպրոցների և եկեղեցու պահպանման գործում պետական հոգածության մասին:
Անդրադարձ է եղել հայկական և կիպրական սփյուռքին` կարևորելով սփյուռքի գործոնը համատեղ խնդիրների բարձրաձայնման և անհրաժեշտ լուծումներ նախանշելու հարցերում:
Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային` այս համատեքստում քննարկելով անհետ կորածների, ռազմագերիների և պատանդության մեջ գտնվողների թեման:
Նախագահի հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հարաբերությունները Կիպրոսի առաջնահերթություններից են: Նա տեղեկացրել է, որ այդ շրջանակում նախատեսվում է հայերի և պոնտոսցի հույների ցեղասպանություններին վերաբերող ցուցահանդես բացել Հունաստանի հայաշատ Սալոնիկ քաղաքում:
Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանի և Կիպրոսի միջև առկա գերազանց հարաբերությունների առավել ընդլայնման և բազմաբնույթ համագործակցության նոր հնարավորությունների նախանշման հարցում: