Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։
Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են, և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մինչդեռ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ և պետք է համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը զարգացնել և հավասարեցնել քաղաքական մակարդակի։
Սիրիայի դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ մյուս անդամ երկրների շուկաներ դուրս գալու համատեքստում։ Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությանը։
Դեսպանի տեղեկացմամբ՝ Սիրիայում քննարկվում է ՀՀ դրամով վճարումներ ընդունելու համակարգի ներդրման հնարավորությունը։ Երկուստեք առաջարկներ են ներկայացվել հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման վերաբերյալ, այդ թվում՝ Սիրիայի դեսպանն առաջարկել է Հայաստանում կազմակերպել սիրիացի գործարար շրջանակների մասնակցությամբ ցուցահանդես։
Դեսպանը նաև նշել է, որ Սիրիայում զարգացած ոլորտներից է տեքստիլ արդյունաբերությունը, և սիրիացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել տեքստիլ գործարան։
Նախարար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գաղափարի իրականացմանը և ընդգծել, որ տեքստիլ ոլորտում Հայաստանն ունի փորձառու աշխատուժ, որը կարելի է արդյունավետ օգտագործել գործարանի աշխատանքը կազմակերպելու նպատակով։