Բելգիայի Գերարդսբերգեն ֆլամանդական քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի բացումը։ Խաչքարը Հայաստանում պատրաստվել ու Բելգիա է բերվել տեղի՝ 53 ընտանիքից բաղկացած հայ համայնքի ջանքերով ու աջակցությամբ։
Սուրեն Խաչատրյան, նախաձեռնության հեղինակ, Բելգիայի հայ համայնքի անդամ - Այս նախաձեռնության հեղինակը եղել ենք ես և վաղամեռիկ որդիս՝ Խաչատրյան Սարհինը։ Տղաս գնաց, բայց իր միտքը մնաց։
Սուրեն Խաչատրյանի աչքերում ընթեռնելի են թախիծն ու երջանկությունը։ Խաչատրյանն այսօր իր շնորհակալությունն է հայտնում համայնքի բոլոր անդամներին, դեսպանատանը և, իհարկե, քաղաքային իշխանություններին՝ նախաձեռնության իրականացման համար։
Գուիդո դը Պադ, Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի քաղաքապետ - Հայ համայնքի հետ բարեկամական կապեր ունենք, այդ պատճառով էլ դրական արձագանքեցինք իրենց նախաձեռնությանը։ Մենք գտնվում ենք Գրամոնի ամենագեղեցիկ այգիներից մեկում, որը վերջերս է վերանորոգվել ու բացվել հանրության առջև: Այն արդեն պատրաստ էր ընդունել այս հուշարձանը։ Սա նաև միջոց է դատապարտելու անցյալում տեղի ունեցած ցեղասպանություններն ու այսօր էլ շարունակվող ցեղասպանական գործողությունները։
Բելգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանի խոսքով՝ այս խաչքարը խորհրդանշում է տեղի քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքի հաջողված համագործակցությունը։ Ե
Աննա Աղաջանյան, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ - Որքան մարդիկ հասկանում են, որ եղել է նման ոճրագործություն, այնքան, հուսամ, ավելի են հասկանում, որ դա անթույլատրելի է և դրա կրկնությունը։
Դեսպանը նշում է՝ հատկապես Ֆլանդրիայի հետ հարաբերությունները թե՛ խորհրդարանական, և թե՛ պետական մակարդակով շատ են զարգացել, և դրանում մեծ է նաև համայնքի դերը։
Միջոցառման կազմակերպիչներից Արման Գալստյանը նշում է, որ սա հավաքական աշխատանքի արդյունք է։ Համայնքի յուրաքանչյուր անդամ իր լուման է ներդրել և այսքանով չեն սահմանափակվելու:
Արման Գալստյան, հայ համայնքի անդամ - Սա սկզիբն է, մեր աշխատանքն այսքանով չի սահմանափակվի։
Միջոցառմանը ներկա էին նաև Ֆլանդրիայի քաղաքական գործիչներ, շարքային ֆլամանդցիներ, որոնք եկել էին սրտի կանչով։
Հուգո Էն Լին դը Հենո, Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի բնակիչ - Առաջին հայը, որին ճանաչել եմ, Շառլ Ազնավուրն է եղել, հետո բացահայտել եմ հայ համայնքին, գիտեմ հայոց պատությունն ու հայի անցած ճամփան։
Հայրենիքից հեռու, բայց հայի ոգով ապրող և սերունդներ դաստիարակող։ Սա է հայի կերպարը Բելգիայի հայ համայնքում։
Ժաննա Ֆրենջիբաշյան, Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի բնակիչ - Հետագայում մեր երեխաները, նրանց երեխաները կարող են միշտ այցելել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ավդեյի այգում տեղադրված խաչքարը նվիրված է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Հաջորդ քայլը լինելու է հուշատախտակի տեղադրումը։