Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 14-ից 1 շաբաթ ուսումնասիրություններ է իրականացրել Կոտայքի մարզի չորս համայնքում՝ Ծաղկաձոր, Պտղնի, Քասախ, Արզնի, հայտնաբերել է 50-ից ավելի վարչական ու քրեական իրավախախտումներ: Դրանցից 19-ը Ծաղկաձորում են հայտնաբերվել, առնչվում են հողօգտագործման տարբեր տեսակների:
Նորայր Դանիելյան (ՔՏՀԱՏՄ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության պետ) - Ընդլայնում է տրվել չկառուցապատված հողամասերին, որն ինքնին պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Այսինքն՝ հողամասերը, որոնք պիտի դրվեին հրապարակային սակարկությունների, չեն դրվել հրապարակային սակարկությունների և անհայտ շարժառիթներով տրամադրվել են ուղղակի վաճառքով: Օտարվել են ընդլայնման նախատեսված չափերից ավելի մեծ հողամասեր, ինչը նույնպես հանգեցնում է էական վնասների:
Նորայր Դանիելյանի ներկայացրածը օրենքի խախտումների մի մասն է: Կասկածներ են առաջացել նաև, որ համայնքի ղեկավարությունը կազմակերպել է ձևական հրապարակային սակարկություններ, մրցույթներ կամ աճուրդներ:
Նորայր Դանիելյան - Մասնակիցները եղել են համայնքային ծառայողներ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչից ելնելով առաջանում է արդեն այդ կասկածը, որ աճուրդները կազմակերպված են եղել ձևականորեն:
Հաջորդ խախտումը. շինությամբ հողամասերը ներկայացվել են առանց դրա, ու իբրև թե ազատ հողամասերի վրա տրվել են ճարտարապետահատակագծային նոր առաջադրանքներ: Մինչդեռ պետք է գործեր թույլտվություն ստանալու այլ ընթացակարգ, ինչպես, օրինակ՝ ինքնակամ շինությունների օրինականացման դեպքում: Անօրինականության հետևանքով համայնքը կրել է էական վնասներ: Ծաղկաձոր, Պտղնի, Քասախ, Արզնի՝ դիտարկված բոլոր չորս համայնքում էլ հողն առանց աճուրդի օտարվել է համայնքի ղեկավարների ազգականներին:
Նորայր Դանիելյան - Պտղնի համայնքում հատկանշական է համայնքի մանկապարտեզի շենքի օտարումը առանց իրավական հիմքերի, օտարվել է համայնքի մանկապարտեզի շենքը, ինչպես նաև հողամասը: Քասախ համայնքում ևս ընտանիքի անդամին՝ որդուն, հողամաս օտարելու համար հայտարարվել է աճուրդ, որը երկու անգամ չի անցկացվել, ինչի պարագայում մեր օրենսդրությունը թույլ է տալիս համայնքի բնակչին օտարել հողատարածք, սակայն ինչ չափորոշիչով է որոշվել, որ համայնքի բնակիչը որդին է, և օտարվել են երկու հողամասեր որդուն:
Տեսչական մարմինը հայտնաբերած բոլոր դեպքերով մեկ միջնորդություն է ուղարկել դատախազություն: Պետությանը պատճառված վնասը կգնահատվի քննության ընթացքում: