Հանրային տրանսպորտը շարունակում է գերբեռնված երթևեկել: Առանց դիմակի երթուղայինից օգտվելն էլ համատարած խնդիր է: Վերջին 20 օրում ՔՏՀԱ տեսչական մարմինը ստուգել է ավելի քան 4000 տրանսպորտային միջոց, տուգանել մոտ 600-ին, մեծ մասը՝ դիմակ չկրելու համար:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության բաժնի վարիչ) - Միանշանակ կարող եմ պատասխանել, որ զուտ չտուգանվելու, որովհետև մեր ուսումնասիրությունները, ժամանակահատվածը ցույց տվեցին, որ մենք սկսեցինք վարչական պատասխանատվության ենթարկել ուղևորներին, վարորդներին անհատական, որոնք չեն կրում, և արդեն որոշակի արդյունք տվեց:
Առավոտյան և երեկոյան գերծանրաբեռնված աշխատող հասարակական տրանսպորտում տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրում են՝ միջինում 20 ուղևորից ընդամենը 3-ն են դիմակով, ինչը վատ է, և պետք է աշխատել այդ ուղղությամբ: Տեսուչներն ասում են՝ քաղաքացիները պետք է նախևառաջ սոցիալական պատասխանատվություն ունենան և դիմակ դնելով փորձեն վարակը չտարածել:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետ) - Ուղևորների հետ լինում են միջադեպեր դիմակների կրման հետ կապված, մենք փորձում ենք բացատրական աշխատանքների շնորհիվ հարթել նման միջադեպերը և բացատրում ենք, որ տրանսպորտային միջոցը փակ տարածք է հանդիսանում, և դիմակների կրելը պարտադիր բնույթ է կրում:
Տեսչական մարմնի հետ աշխատող ոստիկաներն էլ վարորդների փաստաթղթերն են ստուգում: Էրեբունի վարչական շրջանում 30 րոպեում 205 համարի երթուղու երեք մեքենա տեսչականը ստուգեց, երեքի ուղևորներին էլ իջեցրին, մեքենաները տեղափոխեցին ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Արթուր Արաբաչյան - Կան տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդներն առհասարակ վարորդական վկայական չունեն, և կան տրանսպորտային միջոցներ, որոնց տեխնիկական հաշվառման վկայականի ժամկետներն անցած են: Փաստորեն այդ երթուղու հետ կապված բոլոր տրանսպորտային միջոցների ժամկետներն անցած են: Հիմա կսպասենք, մանրամասն կստուգենք:
ՔՏՀԱ տեսչական մարմինը նաև շրջիկ կարգախմբերով է մշտադիտարկում հասարակական տրանսպորտը: Ուղևորին և վարորդին չտուգանելու, երթուղու գործունեությունը ժամանակավոր չկասեցնելու համար հորդորում են՝ պահպանել հակահամաճարակային կանոնները: