ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է նախատեսվում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: Հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռքբերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ինչպես նաև քաղաքացիության դադարեցման վերաբերյալ կարգավորումները:
«Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հայերենին չտիրապետելու հիմքով քաղաքացիությունից զրկելուն, ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո հայերենի տիրապետման անհրաժեշտությանը, օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ-ում բնակվելու հնարավորություններին, քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգերին:
Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ` հին նմուշի անձնագիր տրվել է 3 մլն 199 հազարից ավելի անձի, ներկայում ժամկետի մեջ է 2 մլն 386 հազարից ավելի անձնագիր: Նշվել է, որ անհրաժեշտ է բավականին ժամանակ` անցում կատարելու կենսաչափական բնույթի անձնագրերի:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը:
Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: