Ճանաչել Թուրքիայում 10-ը երկրի դեսպաններին persona non grata: Թուրքիայի ԱԳՆ-ին նման կարգադրություն է արել Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միացյալ Նահանգների, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների և Նոր Զելանդիայի դիվանագիտական առաքելության ղեկավարներին Թուրքիայի նախագահը չի ցանկանում տեսնել իր երկրում: Նրանց «անցանկալի անձ» ճանաչելու պատճառ է դարձել դեսպանների միասնական կոչը՝ բանտից ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Քավալային:
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Ես կարգադրել եմ մեր արտգործնախարարությանը՝ հռչակել այդ տասը դեսպաններին անցանկալի անձ մեր երկրում ինչքան հնարավոր է շուտ: Դիվանագիտական առաքելության ղեկավարները կա՛մ պետք է հասկանան Թուրքիային, կա՛մ հեռանան Թուրքիայից:
Օսման Քավալայը ժամանակին զբաղվել է հրատարակչական բիզնեսով, նաև հանրային գործունեություն է վարել: Քավալայը համարվում է Թուրքիայում «Բաց հասարակություն հիմնադրամների» համահիմնադիրներից մեկը: 2017-ին գործիչը ձերբակալվել էր: Թուրքիայի իշխանությունները համարում են, որ նա կապ ունի Ստամբուլում Թաքսիմ այգու ցույցերի և անկարգությունների կազմակերպման հետ: 2013 թվականին այգում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև: Պատճառը Ստամբուլի քաղաքային իշխանությունների որոշումն էր՝ հատել ծառերը և դրա փոխարեն կառուցել առևտրի կենտրոն: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ավելի վաղ պահանջել էր ազատ արձակել Օսմար Քավալային:
ԱՄՆ-Ը ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Էրդողանի կտրուկ որոշմանը՝ Թուրքիայից դուրս հրավիրել 10 երկրի դեսպաններին, անարձագանք չի մնացել Միացյալ Նահանգներում և Եվրոպական կառույցներում:
ԱՄՆ Պետքարտուղարություն - «Մենք ծանոթացել ենք այդ հաղորդագրություններին և փորձում ենք պարզաբանումներ ստանալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից».
Դավիթ Սասոլին (Եվրախորհրդարանի ղեկավար) - Տասը դեսպանների արտաքսումը վկայում է, որ թուրքական կառավարությունը գնում է դեպի ավտորիտարիզմ։ Մեզ չեք վախեցնի։ Ազատություն Օսման Քավալային:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՈՐՈՇՄԱՆԸ
Էրդողանի գործողությունները դժգոհության ալիք են բարձրացրել նաև երկրի ներսում: Իրենց դիրքորոշումներն են ներկայացրել մի շարք քաղաքական գործիչներ: Էրդողանին, քննադատել է, օրինակ, նրա երբեմնի թիմակից, Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Ահմեդ Դավութօղլու (Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար) - Որտեղի՞ց նման շտապողականություն և ցանկություն հրահրել Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ դիվանագիտական ճգնաժամն այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք արտահանման մեծ ծավալներ: Մինչ մեր քաղաքացիները կասկածում են Ձեր արդարության վրա, ո՛չ Ձեր դատական համակարգը, ո՛չ Ձեր երկիրը վստահություն չեն ներշնչում:
Հատկանշական է, որ նման աղմկոտ որոշում Էրդողանը կայացնում է սեփական վարկանիշի նվազման և տնտեսությունում ակնառու բարդությունների ֆոնին:
Վերջին հարցումները վկայում են, որ Թուրքիայի գործող նախագահի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին: Մամուլը գրում էր, որ պատճառը հենց տնտեսական ճգնաժամն է և կոռուպցիան իշխող քաղաքական ուժի ներսում: Ընդ որում՝ թուրքական փորձագետները նշում էին, որ Անկարան կարող է իրավիճակը արտաքին քաղաքականության հաշվին շտկելու փորձեր անել, օրինակ՝ սկսելով հերթական ռազմական արշավը Սիրիայում: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը դեսպաններին անցանկալի անձ ճանաչելու կարգադրությունը կապում է առաջին հերթին հենց Էրդողանի վարկանիշային խնդիրների հետ:
Անահիտ Վեզիրյան (թուրքագետ) - Էրդողանը և իր կուսակցությունը տանում է հետևյալ գիծը, որ Թուրքիան գոյապայքարի մեջ է դրսի ուժերի հետ: Թուրքիայի գոյապայքարը. Թուրքիայի նախագահն ստեղծում է այդպիսի պահեր, որպեսզի քարոզչական գործիք ունենա:
Թուրքիայում 2023 թվականին նախատեսված են հերթական ընտրությունները: Այդ ֆոնին ընդդիմության շրջանակում բազում են հարցերը տնտեսական զարգացման վերաբերյալ: Այդ երկրում տնտեսության բարդություններն ուղիղ արտացոլվում են լիրայի փոխարժեքում: Դեսպանների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունից հետո թուրքական լիրան արձանագրել է հերթական անկումը՝ հասնելով երբևէ գրանցած նվազագույն արդյունքի: Տարեսկզբից լիրան արժեզրկվել է 24 տոկոսով: