Աստոր Պիացոլա, Շառլ Ազնավուր, Միքայել Թարիվերդիև և Նինո Ռոտա, 4 անուններ, որոնք իտալացի հռչակավոր սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի համար խորհրդանշում են 20-րդ դարի երաժշտարվեստի լավագույն ձեռքբերումները: Առաջին անգամ Հայաստան այցելելով մոտ 15 տարի առաջ՝ Մոնդելչին անդավաճան կերպով սիրեց Հայաստանը և արդեն չի հիշում երևանյան իր համերգների քանակը: Այս անգամ ներկայանում է 2 համերգով. հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նա կներկայացնի Ազնավուրի, Թարիվերդիևի և Նինո Ռոտայի ստեղծագործությունների նոր մշակումները: Թարիվերդիևին վերջերս է բացահայտել, Նինո Ռոտայի՝ Ֆելինիի,Վսկոնտիի ֆլմերի համար գրած կինոերաժտությունը մեծ երևույթ է համարում, իսկ Ազնավուրին պաշտում է դեռ մանկական տարիքից:
Ֆեդերիկո Մոնդելչի (սաքսոֆոնահար, Իտալիա) - Շառլն իմ սիրելի երգիչն էր, երբ դեռ երեխա էի: Եղբայրս ուներ նրա բոլոր ձայնագրությունները: Թեև չենք կարող ասել, որ նա գեղեցիկ ձայն ուներ, բայց նա հզոր տաղանդ ուներ թե՛ որպես երգիչ և թե՛ որպես կոմպոզիտոր: Նա ստեղծեց մի յուրահատուկ աշխարհ, որը բացառապես իրենն է: Պաշտում եմ Ազնավուրի երաժշտությունը:
Վերջին տարիներին Մոնդելչին առավելապես հանդես է գալիս պետական կամերային նվագախմբի հետ: Հայաստանի սահմաններից դուրս ճանաչված արտիստների հետ գործակցությունը նվագախմբի ռազմավարական առաջնահերթություններից է:
Արդեն հոկտեմբերի 28-ին Աստոր Պիացոլայի 100-ամյակին նվիրված համերգում սաքսոֆոնահարին կմիանա նաև իտալացի ակորդեոնահար Սիմոնե Զանտինին: Հնչելու են բացառապես Պիացոլայի գործերը: Սիրո, թախծի և տանգոյի երաժշտության վարպետի գործերը հաճախ են երաժշտին հիշեցնում հայերի հոգևոր նկարագիրը:
Ֆեդերիկո Մոնդելչի - Հոգևոր ազդակներն այստեղ շատ ուժեղ են: Ես կարող էի ապրել այստեղ, սիրում եմ ոչ միայն քաղաքը, այլև գյուղերը, եկեղեցիներն ու լեռները: Ամեն ինչի կենտրոնում մարդն է և ամեն ինչ հիշեցնում է կյանքի հոգևոր կողմի մասին, այդ պատճառով շատ եմ սիրում Հայաստանը:
Իր յուրաքանչյուր հրաժեշտից առաջ արդեն մտածում է վերադարձի մասին, որովհետև, ասում է՝ այստեղ լսելի է մարդկային հոգու ձայնը: