Առողջապահության ոլորտի մասնագետները ահազանգում են քովիդի հնարավոր բարդությունների մասին: Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացող խնդիրները կարող են լինել մարմնական կամ հոգեկան, կարող են տևել մինչև վեց ամիս, կարող են և չբուժվել ընդհանրապես:
Սամվել Հայրումյան (Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու) - Որոշ բարդություններ կան, որոնք գործնականում նույնիսկ դժվար է կամ անհնար է բուժել, օրինակ գիտենք, որ մեծ թոքաբորբերը առաջացնում են թոքերի ֆիբրոզ, և որևէ դեղ չկա մեծ արդյունավետությամբ, որ հնարավոր լինի այդ ֆիբրոզը բուժել, ու մարդկանց մոտ նորից ամիսներ, տարիներ շարունակ պահպանվելու են այդ շնչարգեlությունը, հևոցը և այլն:
Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանի խոսքով՝ հետազոտությունների համաձայն՝ քովիդով վարակվածների 60 տոկոսի մոտ երեք ամսից ավելի պահպանվում են հիվանդությանը բնորոշ ախտանշանները՝ ընդհանուր և մկանային թուլություն, հոդացավեր, հաճախասրտության նոպաներ, կողմնորոշման, հիշողության խանգարումներ և այլն:
Նա մեջբերում է ԱՄՆ-ում էլեկտրոնային առողջապահական համակարգից վերցված տվյալները:
Սամվել Հայրումյան - 236 հազարից ավելի պացիենտների շրջանում վեց ամսվա ընթացքում ուղեղի կամ նյարդերի խնդիրների առաջացումը կազմել է 33.62 տոկոս, ընդ որում նրանցից 13 տոկոսը այդ ախտորոշումները ստացել է առաջին անգամ, իսկ այն հիվանդները, որոնք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են ստացել բուժումը, այդ ցուցանիշը ավելի բարձր էր 46.42 տոկոս
Արմեն Սողոյան (Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ) - Եթե միկրոսնուցման մակարդակով ախտահարվում է նաև ուղեղը, ապա այստեղ կարող են տեղի ունենալ հոգեկանի խանգարումներ, մասնավորապես սկսած ճանաչողական ֆունկցիաների ընկճումից, հիշողության վատացում, եզրահանգումներ անելու որոշակի դժվարությունը, որը արդեն մտածողության խանգարում, որոշակի համի հոտի աղավաղունմեր, ընդհուպ մինչև հալուցինացիաներ համի և հոտի, և կարող են տարբեր տեսակի հիվանդությունները սրվել:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն անդրադարձավ առաջին ալիքի ժամանակ՝ անցյալ տարվա մայիս-հունիսին իրենց կատարած հետազոտությանը, որի արդյունքում պարզվել էր, որ բնակչության 40 տոկոսը գտնվում է միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ, մոտ 35 տոկոսի մոտ դեպրեսիայի նշաններ են արտահայտվել և 20 տոկոսի մոտ եղել են հոգեմարմնական խանգարումներ: Այսինքն՝ մարմնական գանգատներ, որոնցից շատերի հիմքում եղել են հոգեբանական, հոգեկան խնդիրներ:
Արմեն Սողոյան - Նույն հետազոտությունը մենք կրկնեցինք այս տարի մայիս-հունիս ամիսներին, նաև էստեղ գումարվել էր պատերազմը և այդտեղ տարբերակել իմաստ էլ չունի, և թվերը շատ ավելի անհանգստացնող էին, ինչը 60 տոկոսն էր միջին և ծանր սթրեսների ազդեցության տակ, իսկ 30 տոկոսի մոտ արդեն հոգեմարմնական խնդիրներ էին առաջացել: Դա նշանակում է, որ առաջնային օղակ դիմող յուրաքանչյուր 3-ից մեկի մոտ խնդիրը նաև իր ծագումով հոգեբանական է, ինչի ուղղությամբ պետք է թիմային աշխատանք իրականացնել և ներգրավել կամ հոգեբանների կա հոգեբույժներին՝ ըստ անհրաժեշտության:
Սողոյանը ընդգծում է, որ տարատեսակ բարդությունները հատուկ են ցանկացած վիրուսի, բայց քովիդը մեր օրերում հանդիպող վիրուսներից ամենաագրեսիվն է և ամենաշատն է բարդությունների պատճառ դառնում: Նկատում է, որ քովիդի պատվաստանյութն էլ կարող է որոշակի ռիսկեր պարունակել, բայց դրանք համեմատելի չեն այն ռիսկերի հետ, որոնք առաջ են գալիս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, մանավանդ աչքի առաջ ունենք վարակից մահերի վիճակագրությունը օրական միջինում 40 դեպք:
Արմեն Սողոյան - Էն մարդիկ ովքեր մեծ-մեծ խոսում են, որ պատվաստվել պետք չի, հետո, երբ իրենք են հիվանդանում, սկսում են աջուձախ խնդրել, ասում են մեզ տեղավորեք հիվանդանոց, որովհետև հիվանդանոցներում տեղ չկա արդեն, սա խայտառակ վիճակ է:
Ինչ վերաբերում է քովիդի հետևանքով առաջացած բարդություններին, մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ընտանեկան բժշկին՝ չսպասելով, որ խնդիրն ինքնաբերաբար վերանա կամ խորանա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան