ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը, որն օրեր առաջ կալանավորվել է, չի ընդունում մեղքը:
Ռաֆայել Ամիրխանյան, Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպան - Մեղադրանքը շինծու է և ապօրինի, որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքում նշված գործողությունների և դեպքերի հետ:
Դեպքը, որի ժամանակ գործով տուժողը զրկվել է ձախ աչքից, տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը Ջանիբեկ Հայրապետյանն ընկերների, հարազատների հետ Կոտայքի մարզում խնջույք է կազմակերպել, որին մասնակցել է նաև գործով տուժող Արթուր Սահակյանը:
Ռաֆիկ Ավագյան, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ - Եղանակի վատթարացման պատճառով Արթուր Սահակյանը խնջույքի մասնակիցներին հրավիրել է իրեն պատկանող Եղվարդի խճուղի 132 հասցեում գտնվող հացատուն՝ այն շարունակելու նպատակով: Հացատանն Արթուր Սահակյանը վիճաբանել է քրեական գործով մեղադրյալի հետ, որի ժամանակ վերջինս մեկ անգամ ուժգին հարվածել է Սահակյանի ձախ աչքին՝ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս:
Հայրապետյանի պաշտպանը չպատասխանեց հարցին՝ ի վերջո Հայրապետյանը մասնկացե՞լ է խնջույքին, թե՞ ոչ:
Ռաֆայել Ամիրխանյան - Գործ ունենք նախաքննական գաղտնիք հասկացողության հետ, ես հիմա շատ բան չեմ կարող ասել, ապացույցները չեմ կարող վերլուծել ու հրապարակայնացնել, բայց, ամեն դեպքում, ձեզ ասում եմ՝ որևէ կապ չունի Ջանիբեկ Հայրապետյանը որևիցե հանցավոր արարք կատարելու հետ:
Ճշտող հարցին՝ Հայրապետյանը ճանաչե՞լ է տուժողին և ի՞նչ հարաբերությունների մեջ է նրա հետ, Ամիրխանյանը պատասխանեց:
Ռաֆայել Ամիրխանյան - Ոչ մի հարաբերության մեջ էլ չի գտնվում, հնարավոր է ճանաչել է, բայց շփում, առնչություն առհասարակ չի ունեցել:
Այս դեպքով մեկ այլ դրվագ էլ քննվում է Հատուկ քննչական ծառայությունում: Ըստ քննիչի՝ մեղադրյալը գործի ընթացքը հօգուտ իրեն լուծելու համար միջնորդների օժանդակությամբ կաշառք է տվել: ՀՔԾ-ից մեզ փոխանցեցին, որ այս գործով երկու ոստիկան մեղադրյալի կարգավիճակ ունի:
Ռաֆիկ Ավագյան - Ոստիկանության ծառայողները, ինչպես նաև դատաբժշկական գիտագործական կենտրոնի փորձագետը, կաշառք տվող անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, որպես կաշառք, պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի գումար, որի դիմաց վերջիններիս պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում դեպքի վայրի մասնակից անձանց դրդապատճառների, Արթուր Սահակյանին պատճառված վնասվածքների ստացման եղանակի, ինչպես նաև հանցագործության բացահայտման համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ կազմել են կեղծ դատավարական պաշտոնական փաստաթղթեր:
Ռաֆիկ Ավագյանը նշում է՝ միայն կալանավորումն է, որ կարող է կանխել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը:
Ռաֆիկ Ավագյան - Անդրադառնալով մեղադրյալի քրեական գործով վարույթի ընթացքում ոչ պատշաճ վարքագիծը կանխելու անհրաժեշտությանը, գտել եմ, որ առկա են եղել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր: Ընդ որում՝ գտել եմ, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի 2-րդ մասով սահմանված խափանման միջոցներից միայն կալանավորման միջոցով կարելի է հասնել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք առերես հարցաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություններ, ստացվել են դրանց եզրակացությունները:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան