Կապիտալ ծախսերի ավելի քան 50 տոկոսով ավելացումը դրական ազդակ է մասնավոր ընկերությունների համար, որոնք կարող են ներդրումներ անել և ավելացնել իրենց տեխնիկական և մասնագիտական կարողությունները առաջիկա տարիների ընթացքում: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Կառավարության և բյուջետային ծրագրերի իրականացումը մեծապես կախված է մասնավոր հատվածի ակտիվության ցուցանիշներից, և կոչ արեց մասնավոր հատվածին՝ մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում, օգտվել Կառավարության ստեղծած ֆինանսավորման, տոկոսադրույքների սուբսիդավորման գործիքներից: Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը պետք է աջակցի ոչ միայն նրանց, որոնք ցանկանում են համեմատաբար փոքր այգիներ, անասնագոմեր հիմնել, այլև նրանց, որոնք մտադիր են կատարել միջին չափի ներդրումներ, գուցե միջինից մի փոքր ավելի:
Նիկոլ Փաշինյանը ծրագրերի իրականացման հարցում ընդգծեց վերլուծական կարողությունների զարգացման կարևորությունը, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է: Արդյունքում, Փաշինյանի համոզմամբ, կբարձրանա նաև ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային:
«Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրենց աջակցող միջոցառումների իրականացման ազդեցություններն իրենց կյանքի վրա և պիտի տեսնեն, որ ծրագրերի իրագործումը ոչ միայն տեղի է ունենում դեկլարացիաների մակարդակով, այլև ամեն ինչ արվում է գործնականում դրանք կյանքի կոչելու համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կարևորում է վերլուծական կարողությունների զարգացումն այն իմաստով, որ սոցիալական, տնտեսական ներդրումային շատ բարեհունչ առաջարկների դեպքում վերլուծվեն ծրագրերի իրականացման ընթացքը, և ընտրվեն և ուժեղացվեն այն ծրագրերը, որոնք իրականացման և արդյունավետության բարձր ցուցանիշ ունեն, և հրաժարվեն այն ծրագրերից, որոնք արդյունավետության առավել ցածր ցուցանիշ ունեն:
«Նույն գյուղատնտեսության ոլորտում այնպիսի ծրագրեր ենք իրականացնում, որոնք զուտ բովանդակության առումով կարելի է համարել շրջադարձային, բայց պետք է նայենք, թե գործնականում դրանք Հայաստանի տնտեսությանը և կոնկրետ տնտեսվարողներին, գյուղացիական տնտեսություններին ուր են հասցրել, ինչ խնդիրներ կան, ինչ արդյունքներ կան: Մասնավորապես, սոցիալապես պաշպանության և աղքատության հաղթահարման ոլորտում մենք 2019-ին իրականացրինք ծրագիր, որով 1000 ընտանիքի ապահովեցինք անասնագլխաքանակով, որպեսզի նրանք աշխատանքի միջոցով հաղթահարեն աղքատությունը: Այժմ մենք պետք է վերլուծենք, թե 1000 ընտանիքի կյանքում ինչ փոխվեց»,- նշեց վարչապետը: