Աստվածընկալ վանական համալիրում մի քանի ամիս է՝ շինարարական աղմուկը չի դադարում: Անձրև թե արև՝ շինարարներն ակտիվ աշխատում են, միջնադարյան ճարտարապետական հուշարձանի նախկին տեսքն են վերականգնում:
Մինչ աշխատանքներն սկսելը վանական համալիրի մեծ մասը քանդված էր, քարերն էլ` շուրջբոլորը թափված: Հիմա դրանք շինարարները մեկ առ մեկ հավաքում, նախկին տեղում են դնում: Քարերի մի մասն էլ տարբեր հանքերից են այստեղ հասցնում, միայն թե գույնը համընկնի:
Վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը հանձն է առել Նորիկ Մարտիրոսյանը: Ամիսներ առաջ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ հուշագիր են ստորագրել, նախագծերը ստացել ու գործի անցել:
Նարեկ Մարտիրոսյան (բարերար) - Լրիվ հին տեսքը պահպանելու ենք, ոչ մի բան չի փոխվելու, բարեկարգելու են բակը: Տարիներ շարունակ իմ տունը կառուցել եմ, եկել է պահը, որ պետք է կառուցեմ Աստծո տունը:
Նախագծից շեղում չի լինելու՝ վստահեցնում է Մարտիրոսյանը: Նախկին տեսքն են վերականգնելու, նույնությամբ կփորագրվեն նաև պատկերները: Շինարարական աշխատանքներն էլ վերահսկելու է Մայր Աթոռի ճարտարապետը:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Հատվածներ կային, որ վթարային էին, արդեն գավիթը գոյութուն չուներ, վթարային հատվածներ կային, ամրացումներ են նախատեսված:
Երնջատափ և Հարթավան գյուղերի միջնամասում՝ Քասախի կիրճում, տեղակայված շքեղ կառույցը 4-13 դարերին է թվագրվում: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին, Ս. Նշան եկեղեցիներից և գավիթից:
Ժամանակին այստեղ վանական միաբանությունն է հաստատվել: Ըստ արձանագրություների, գավիթը կառուցել է ճարտարապետ Յոհանես վարդպետը XIII դ.՝ իշխան Վաչուտյանի և նրա կնոջ՝ Խորիշահի մեկենասությամբ: Աստվածընկալ անվանումն էլ առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։
Վարազդատ Սարգսյան (շինարար) - Վանական համալիրը հզոր կառույց է. շատերն են այստեղ ուխտի գալիս: Միջնադարյան կառույցում վերականգնման աշխատանքներ կատարվել են 2007-ից: Այն ժամանակ պետական միջոցներով:
Շինարարը նախկինում էլ է եկեղեցու վերականգմանը մասնակցել, փաստում է՝ 11 տարում պետական միջոցներով կարողացել են Սուրբ նշանի միայն գմբեթը վերականգնել: Հիմա աշխատանքները լայնածավալ են, ծրագրել են 2-3 տարում համալիրն ամբողջությամբ վերականգնել:
Վարազդատ Սարգսյան - 6 ամսում կառուցել ենք առաջվա 5 տարվա գործը:
Հարություն Վանյան - Հաշվի առնելով, որ եղեկեցիների քանակը և պետության տրամադրվող գումարներն անհամեմատելի են, երբևէ չենք հասցնի ըստ կարիքի գումար հատկացնել, հետևաբեր շատ կարևոր է պետություն-մասնավորի համագործակցությունը:
Հուշարձանաշինության գործում պետություն-մասնավոր գործակցությունը նաև նախարարության հնգամյա ռազմավարական ծրագրում է արձանագրված: Ըստ Վանյանի՝ առաջիկայում կփորձեն շատերի հետ գործակցության պայմանագրեր կնքել:
Հաջորդ տարի պետական միջոցներով կվերականգնվի 6 հուշարձան, մինչդեռ վերականգնման կարիք ունի մոտ 3000 հուշարձան: Մշակութային կոթողները փլուզումից փրկելու համար սա միակ ճանապարհն է՝ ասում է նախարարության պաշտոնյան: Ի դեպ, բացի Աստվածընկալից՝ այս տարի մասնավորի հետ գործակցությամբ վերականգնվել է նաև Նոր Վարագավանքի գավիթը, առաջիկայում կվերականգնվի նաև Երևանի Կարմիր կամուրջը: