Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին:
ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Օգոստոսին մենք ներկայացրինք Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Այսօր մենք ներկայացնում ենք այս հնգամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու մեր հնգամյա ծրագրի իրագործման համար: Այն նախանշում է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ պայմանները:
2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Չնայած այն բանին, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով՝ մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից՝ Կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի հույս ունի:
Պիտի ուրախությամբ նշեմ, որ 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ: Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020 թվականի սեպտեմբերին՝ կազմելով 631 966 աշխատատեղ: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3 տոկոսով:
Ընթացիկ տարվա բավական բարձր՝ 6.4 տոկոս գնաճի ֆոնին կարևոր է ընդգծել, որ սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 782 դրամով: Էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում՝ աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը: Շինարարության ծավալներն ընթացիկ տարում աճել են 7 տոկոսով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5 տոկոս: Այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ արդեն իսկ մեկնարկել են և հույս ունեմ՝ հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է:
2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 17 տոկոսով, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 25 տոկոսով: Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 10 տոկոսով, 2020 թվականի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022 թվականի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավելի է 55 տոկոսով, 2020 թվականի նկատմամբ՝ 53 տոկոսով:
Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, 2022 թվականի պետական բյուջեն հիմնված է 3 առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում:
2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021 թվականի պլանի համեմատ, ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով Հայաստանի Հանրապետության պաշտպանական դոկտրինը:
Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն, և խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը: Հայաստանի Հանրապետության տարածքից, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար:
Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը, Կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի։
Անվտանգության համակարգի զարգացման իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը։
Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը, որը մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով։
Պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր տնտեսության գրավչությունը տեղական և օտարերկրյա ներդրումների համար։
Տարածաշրջանային ենթակառուցվածքային զարգացումներին զուգահեռ, մենք հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022 թվականին ծախսելու ենք 32 տոկոսով ավելի, քան 2021 թվականին՝ այս ուղղությամբ կատարվելիք ծախսերը հասցնելով ավելի քան 278 մլրդ դրամի։ Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և/կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնք պետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի մատակարարման ծավալը և որակը։ 35 տոկոսով աճելու է խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ծավալը՝ հասնելով 11,5 մլրդ դրամի։ Մեկնարկելու են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով հաջորդ տարի արդեն սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները։
Մեր պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է։
2022 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով։ Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու են ներկայում ընթացող շինարարական աշխատանքները, և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների և 500 նախադպրոցական հաստատությունների կառուցումը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։
2022 թվականին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարն ավելին է 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ։ Մեր նպատակն է՝ անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը։ Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և այստեղ էլ Կառավարությունն արդեն իսկ ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր։
Հարգելի գործընկերներ,
Գումարների ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Մենք գիտակցում ենք, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ Կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ։
Առաջին հերթին կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը։ Կառավարումը պետք է նպաստի և ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը։ Այս առումով կարևոր են պլանավորման և իրագործման մշակույթը, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը շատ դեպքերում բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, Կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման։
Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, և Կառավարության՝ դրան ուղղված ջանքերն սկսել են արդյունքներ տալ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այդպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին։ Կապիտալ ծախսերի ավելի քան 50 տոկոսով ավելացումը դրական ազդակ է այն մասնավոր ընկերությունների համար, որոնք այս ոլորտում կարող են վստահությամբ ներդրումներ անել և ավելացնել իրենց տեխնիկական և մասնագիտական կարողություններն առաջիկա տարիների ընթացքում։
Ընդհանրապես ուզում եմ ընդգծել, որ Կառավարության և բյուջետային ծրագրերի իրականացումը մեծապես կախված է մասնավոր հատվածի ակտիվության ցուցանիշներից, և ուզում եմ ձեզ տեղեկացնել նախորդ օրը Կառավարությունում տեղի ունեցած մի քննարկման մասին: Մասնավորապես, դուք գիտեք, որ մենք նպատակադրվել ենք ամեն տարի, առաջիկա 5 տարիների ընթացքում, առնվազն 1000 հեկտար ինտենսիվ այգիներ ներդնելու ծրագիր իրականացնել: Բայց կարծում եմ՝ բոլորիս էլ հասկանալի է, որ Կառավարությունն ինքը չի գնալու, և ինտենսիվ այգիները չի տնկելու: Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այդ ծրագրերը հասցնել մասնավոր հատվածին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ընկերությունների շրջանում գտնել գործընկերներ, որոնք, այս քաղաքական ուղերձը ընկալելով, ընդունելով, կօգտվեն Կառավարության ստեղծած գործիքներից՝ ֆինանսավորման, տոկոսադրույքների սուբսիդավորման և կիրագործեն այս ծրագիրը:
Ուզում եմ ասել, որ նախորդ օրը քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ, այնուամենայնիվ, նման ծրագրերի շեմերը՝ մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, պետք է բարձրացնենք՝ նկատի ունենալով, որ մենք մինչև հիմա, օրինակ՝ առավելագույն շեմ էինք դրել և՛ խելացի անասնագոմերի, և՛ ինտենսիվ այգիների ներդրման գործում Կառավարության աջակցության ծավալների և փաթեթների առումով՝ այն իմաստով, որ մենք նպատակադրվել ենք առավել փոքր տնտեսությունների հիմնադրման և աջակցման գործին նպաստել: Բայց ծրագրերի իրականացման ցուցանիշները մեզ հուշում են, որ այդ ծավալները պիտի ընդլայնենք: Այսինքն՝ ոչ միայն աջակցենք նրանց, ովքեր ուզում են համեմատաբար փոքր այգիներ հիմնել, փոքր անասնագոմեր հիմնել, այլև նրանց, ովքեր ուզում են անել միջին չափի ներդրումներ, գուցե միջինից մի փոքր ավելի: Որովհետև եթե մենք հույսը դնենք միայն փոքր տնտեսությունների վրա, օրինակ՝ տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի ունենալու նպատակադրումը կարող ենք և չիրագործել: Չնայած Կառավարությունն իր բոլոր պարտավորությունները կիրագործի, այսինքն՝ կսուբսիդավորենք տոկոսները, կապահովենք ֆինանսավորումը, կապահովենք կանխիկի վերադարձման համակարգը, բայց գործնականում մարդիկ այն ծավալով և չափերի ներդրումներ չեն անի, որպեսզի մենք կարողանանք մեր թիրախներին հասնել:
Այս առումով հաջորդ կարևորագույն խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է: Արդյունքում կբարձրանա նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը՝ որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային: Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա և պիտի տեսնեն, որ ծրագրերի իրագործումը ոչ միայն տեղի է ունենում դեկլարացիաների մակարդակում, այլև ամեն ինչ արվում է գործնականում դրանք կյանքի կոչելու համար:
Վերլուծական կարողությունների զարգացումը կարևոր եմ համարում հենց ի շարունակություն նախորդ ասածի հետևյալ առումով. մենք ունենք, այո, սոցիալական, տնտեսական, ներդրումային շատ լավ առաջարկներ, որոնք ձևակերպված են և հնչում են շատ բարեհունչ: Բայց մենք պետք է վերլուծենք նաև այդ ծրագրերի իրականացման ընթացքը և ընտրենք, ուժեղացնենք այն ծրագրերը, որոնք իրականացման և արդյունավետության բարձր ցուցանիշ ունեն և գուցե ժամանակի ընթացքում հրաժարվենք այն ծրագրերից, որոնք արդյունավետության առավել ցածր ցուցանիշ ունեն:
Բայց սրա համար մենք պետք է կարողանանք վերլուծել մեր կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում մենք այնպիսի ծրագրեր ենք իրականացնում, որոնք զուտ բովանդակության առումով կարելի է համար շրջադարձային: Բայց պետք է նայենք, թե գործնականում դրանք Հայաստանի տնտեսությանը և կոնկրետ տնտեսավարողներին, գյուղացիական տնտեսություններին ուր են հասցրել, այդ ծրագրերի իրագործման գործընթացում ինչ պրոբլեմներ կան, ինչու դրանք բավարար չափով չեն իրագործվում, կամ իրագործվում են արդյոք, թե ոչ և ինչ կոնկրետ արդյունքների են բերում:
Մասնավորապես, սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ոլորտում մենք 2019 թվականին մեկնարկեցինք ծրագիր, որ Հայաստանի Հանրապետության անապահով 1000 ընտանիքի ապահովեցինք անասնագլխաքանակով և անհրաժեշտ այլ ծառայություններով, որպեսզի նրանք աշխատանքի միջոցով հաղթահարեն աղքատությունը: Հիմա մտել ենք այն փուլ, երբ պետք է վերլուծենք, թե այդ 1000 ընտանիքի կյանքում, ի վերջո, ինչ փոխվեց: Արդյոք այս ծրագիրը նրանց բարեկեցության և սոցվիալական վիճակում որևէ էական փոփոխություն իրականացրե՞ց, արդյոք նրանց տնտեսությունը զարգացա՞վ, թե՞ հակառակը՝ նրանք արագ լիկվիդացրին այդ անասնագլխաքանակը և հայտնվեցին նույն իրավիճակում: Հետևաբար, Կառավարության վերլուծական կարողությունների զարգացումը կարևոր է ոչ միայն նոր ծրագրեր նախագծելու և իրագործելու և դրանց թիրախները ճշգրտելու առումով, այլև արդեն իսկ որդեգրված ծրագրերը վերափոխելու և դրանք առավել արդյունավետ դարձնելու առումով:
2022 թվականի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ:
Նշանային կետերից մեկը, որոնց մասին ուզում եմ հիշեցնել և ընդգծել, հետևյալն է. մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխային Հայաստանի Հանրապետության կառավարությունը կաջակցի ամիսը 50 000 դրամ ֆինանսական աջակցության ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է, և ես կարծում եմ որ այս ծրագիրը շատ կարևոր, նույնիսկ սիրելի ծրագիր է: Հույս ունեմ, որ սա իսկապես մեր նոր կազմավորվող ընտանիքներին կլինի լուրջ աջակցություն, այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն 2 երեխա, կաջակցի, որպեսզի նրանք բազմազավակ ընտանիք դառնալու հարցում որոշում կայացնեն:
Սակայն պետք է նշել, որ հեռու ենք այն մտքից, թե 2022 թվականի պետական բյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Ըստ այդմ՝ բազմաթիվ, այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված: Աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար մեզ պետք են ամուր տնտեսական և անվտանգային հիմքեր և այդ հիմքերն ստեղծելու ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել Կառավարության առաջնահերթությունները՝ միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և դրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ դրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վստահ ենք, որ Կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը:
Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ և մաղթում եմ 2022 թվականի բյուջեի արդյունավետ և կառուցողական քննարկումներ»: