Սա Լենդմարկ կինոթատրոնն է։ Ադրբեջանական դեսպանատունը դիմել էր, որ 45 օր ֆիլմի վաշինգտոնյան ցուցադրությունն այստեղ չլինի։ Մերժում ստնալաով՝ մեքենա էին վարձել, որն իրենց բողոքավոր տեքստերով արգելակել էր փողոցում։ Փողով մեքենայություններ անելն իրենց ոճն է, իսկ ներսում ֆիլմի ցուցադրությունից հետո պրոդյուսերն ու հեղինակը պատասխանեցին հարցերին։
Ասկո Հակոբյան (ֆիլմի պրոդյուսեր) - Ցուցադրել սկսել ենք Հոլիվոդում, ապա՝ Սան Դիեգո, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո, Գլենդեյլ։ Արևելյան ափին ցուցադրել ենք Նյու Յորքում, ապա՝ հոկտեմբերի 24-ին, Բոստոն, այնուհետև՝ Կանադա և Մեծ Բրիտանիա։
Ռեժիսոր Էմիլ Գեսենը բրիտանացի է։ Ասում է` հայերը Լոնդոնի ադրբեջանամետ լինելու մասին իրեն անընդհատ են հարցնում։ Նաև շեշտում, որ Անգլիայի կառավարության և հանրության դիրքորոշումներում տարբերություն կա։
Էմիլ Գեսեն (ռեժիսոր) - Անգլիայի ժողովուրդն առանձնապես տեղյակ չէ Ադրբեջանից։ Փողոցում մեկին հարցնես՝ Ադրբեջանի տեղն էլ չգիտեն։ Այլ հարց է Թուրքիան, որը նեգրավված էր պատերազմում և ՆԱՏՕ-ի կազմում է։ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան կաշկանդված էին ՆԱՏՕ-ի անդամին դատապարտելու հարցում։ Պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ից միայն Ֆրանսիան էր, որ ինչ-որ չափով արտահայտվեց։
Դանիել Քուշաքչյան (ԱՄՆ Հայկական խորհրդի ներկայացուցիչը Վաշինգտոնում) - Շատերը մտածում են՝ այն ֆիլմ էր պատերազմի մասին։ Ես կարծում եմ՝ այն ֆիլմ էր մարդկանց մասին, որոնք անցան պատերազմի միջով։ Եվ այդ մարդկային գործոնն է, որ ֆիլմն ավելի ազդեցիկ դարձրեց ինձ համար։
Դանիելը Միացյալ Նահանգների Հայկական խորհուրդ լոբբիստական խմբից է, որը վերջերս է ակտիվացել դաշնային մայրաքաղաքում։ Նա ծնունդով Կալիֆոռնիայի Թորենս քաղաքից է։ Զուգադիպությամբ հենց իր ծննդավայրում հայ համայնքն օրերս հասավ նրան, որ քաղաքապետը հետ կանչեց Ադրբեջանի անկախության օրը շնորհավորող փաստաթուղթը։ Նախնական տարբերակում քաղաքապետ Ֆուրեյն Ադրբեջանը հռչակել էր, ոչ ավելի ոչ պակաս, ժողովրդավարության ու ազատության փարոս։
Դանիել Քուշաքչյան - Այլևս, ցավոք, չունեմ ազգականներ Թորենսում, թեև Կալիֆոռնիայում ունեմ։ Բանն այն է, որ քաղաքապետի աշխատակազմն առանձնապես չի ուսումնասիրում, թե ինչ հռչակագիր են պատրաստում։ Բարեբախտաբար, Թորենսում կա ակտիվ հայկական ներկայություն, որը տեղ հասցրեց ճշմարտությունը։
Քաղաքապետարանի կայքում տարածեցին հայտարարություն, որով Ադրբեջանի հյուպատոսից պահանջում էին Բաքվի կայքերից հանել շնորհավորանքի մասին ավելի շուտ տարածած հայտարարությունը։ Սա արդեն լուրջ ապտակ էր: Մեկն էլ եղել էր Սան Դիեգոյից, որտեղ քաղաքապետը ոչ միայն ներողություն խնդրեց հայերից, այլև հանրային կեպով խոստացավ, որ այլևս նման բան չի կրկրնելու։
Թոդ Գլորիա (Սան Դիեգոյի քաղաքապետ) - Իմ գրասենյակն այևս ընթացք չի տալու նման դիմումներին։ Չեղարկում եմ հռչակագիրը, և Սան Դիեգոն այլևս այն չի հաստատելու հոկտեմբերի 18-ի օրը։ Խնդրում եմ ընդունեք ներողությունս, և շնորհակալ եմ, որ իմ ուշադրությունը հրավիրեցիք այս փաստի վրա։
Սևակ Խաչատուրյան (ԱՄՆ Հայկական խորհրդի նախագահ) - Հռչակագիր չեղարկելն ընդհանրապես բացառիկ երևույթ է։ Նման իրադարձություններ, որպես կանոն, չեն լինում։ Սա ցույց է տալիս, թե որքանով զորավոր էին մեր համայնքի աշխատանքն ու մեր ուղերձների ուժը։ Ուրախալի է, որ քաղաքների հայ բնակիչները կարողացան այդքան արագ կրթել իրենց ընտրած պաշտոնյաներին:
Մերոնք մի քայլ առաջ էլ գնացին դաշնային իշխանությունների հետ աշխատանքում։ Սենատի արտաքին հատկացումների կոմիտեն ընդունեց Արցախին ականազերծման համար գալիք տարի 2 միլիոն դոլարի օգնության մասին որոշումը։
Դանիել Քուշաքչյան - Եթե փաստաթուղթն անցել է Ներկայացուցիչների պալատով կամ Սենատով, դեռ չի նշանակում, որ այն վերջնական օրենքի մաս կկազմի։ Պետք է, որ Սենատը հաստատի արտաքին ռազմական օժանդակության և Արտաքին հատկացումների մասին օրինագծերը, ապա դրանք ստորագրի նախագահը։
Դանիելն ակնկալում է, որ առաջիկա ամսվա ընթացքում ավարտական վիճակի կբերվեն նախ արտաքին հատկացումների, ապա՝ արտաքին ռազմական օժանդակության մասին փաստաթղթերը։ Հայ համայնքն ուժերը լարում է վերջնական տեքստերում այս պահին առկա ձևակերպումներն ամրագրելու նպատակով։