Այսօր աշխարհի թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ համավարակը։ Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում ակտիվ պայքար է մղվում կորոնավիրուսի տարածման դեմ։
Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին՝ հասարակական փակ տարածքներում կրել դիմակ, վարորդներին և ուղևորներին կոչ անում երթևեկել միայն պաշտպանիչ դիմակով։
«Ոստիկանության արտաքին ծառայությունն այս ուղղությամբ մշտապես իրականացնում է հատուկ միջոցառումներ և այսուհետ նույնպես հետևողական է լինելու։ Կարգը խախտողների նկատմամբ կազմվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Հավատացե՛ք, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։
Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։
Կարևոր է նաև նշել դիմակը ճիշտ կրելու մասին։ Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթն ու բերանը։ Ոչ պատշաճ կրելը հավասար է ընդհանրապես չկրելուն։
Եթե բոլորս պահպանենք հակահամաճարակային անվտանգության կանոնները, վստահ եղեք, հիվանդությունը կնահանջի։
Միասնական պայքարենք չարիքի դեմ։ Թույլ չտանք, որ համավարակը մեզնից խլի մեր սիրելի մարդկանց։
Առողջություն բոլորիս»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: