2021 թվականի հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 602 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ընդհանուր դեպքերի ու պատահարների վերաբերյալ կանչերը:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 1-ը բռնկվել է օժանդակ շինությունում, 2-ը տրանսպորտում, ևս մեկ դեպք գրանցվել է անասնաֆերմայում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և մեկուսացրել կրակը: Ոչ ոք չի տուժել:
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 17 հրթիռ, 2 ավիառումբ:
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 8 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք, և արձագանքվել է այլ բնույթի 7 կենցաղային կանչերի։
Շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային մեկ պատահար է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում: Տուժել է 1 քաղաքացի: Փրկարարները նրան տեղափոխել են բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը բավարար է:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911,101,112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: