2022 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները շարունակվելու են, և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության կառուցումը առաջիկա 5 տարիների ընթացքում:
«Ասեմ, որ այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում»,- ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ 2022 թվականին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարը գերազանցելու է 2.5 անգամ՝ կազմելով 6.7 մլրդ դրամ:
«Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ. սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը»,- ասաց նա՝ նշելով, որ գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է. այս ոլորտում Կառավարությունն արդեն իսկ ներդրում է ֆինանսավորման նոր բանաձևեր: