Եվրադատարանը նոյեմբերի 4-ին կհրապարակի 2014-ին Ադրբեջանում դաժանորեն սպանված, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործով վճիռը:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում Կարեն Պետրոսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ) - Բնականաբար, մենք չենք կարող կանխատեսել կամ պնդել՝ ինչպիսի վճիռ կլինի, բայց մինչև հիմա կայացված վճիռների օրինաչափությունները հաշվի առնելով, ենթադրաբար, Եվրոպական դատարանը խախտումներ կճանաչի:
Իրավապաշտպանների խումբը գանգատը ՄԻԵԴ ներկայացրեց 2016 թվականին: Կարեն Պետրոսյանը 2014-ի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալեցին, իսկ հաջորդ օրը հայտարարեցին՝ իբր ինֆարկտից նա մահացել է: Աճյունն ստանալու համար Եվրադատարանում հարուցվեց վարույթ: Բաքուն Կարենի աճյունը հայկական կողմին փոխանցեց երկու ամիս անց՝ հոկտեմբերին, փորձելով թաքցնել բռնության հետքերը:
Արտակ Զեյնալյան - Սակայն, ի պատիվ մեր դատական բժիշկների և նախաքննության մարմնի, նաև նրա ներկայացուցիչների, մենք կարողացանք բացահայտել, որ Կարեն Պետրոսյանը կենդանության օրոք ենթարկվել է բռնությունների և ենթարկվել է ծիսական սպանության, ծիսական գլխատման, սա ներկայացրել ենք Եվրոպական դատարան: Առաջին անգամ է, որ նման հարց է բարձրացվում ՄԻԵԴ-ում:
Գերության մեջ հայտնվելուց հետո հրապարակվեցին Կարեն Պետրոսյանի մասնակցությամբ տեսանյութեր՝ ինչպես գյուղացիների հետ, այնպես էլ նրա ձերբակալումից հետո:
Արտակ Զեյնալյան - Շրջանառվում էր այդ տեսանյութի մեջ Ռովշան Ակբարովը՝ սպան, որն անմիջականորեն պատասխանատու է Կարեն Պետրոսյանին կյանքից զրկելու համար: Այս անձնավորությունը մեկ այլ Եվրոպական դատարանի գործով շրջանառվում է որպես պատասխանատու և մեղավոր: Այս անձնավորությունն Ադրբեջանի ղեկավարի անմիջական սերտ մտերիմներից է, ամենաթողության մթնոլորտում է գործում:
Ինչպես նախորդ գործերով, որոնք արդեն դարձել են վճիռներ, այս գործով ևս Ադրբեջանն ապացույցներ է կեղծել: Փաստաբանական խումբը Ստրասբուրգի դատարանից պահանջել է ճանաչել կոնվենցիայի մի քանի հոդվածներով ամրագրված իրավունքների խախտման փաստը, այդ թվում՝ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների խախտումները: Հայկական կողմը նաև ֆինանսական փոխհատուցման պահանջ է ներկայացրել:
Քրիստինա Գևորգյան (ՄԻԵԴ-ում Կարեն Պետրոսյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ) - Որևէ իրավական գործընթաց Ադրբեջանում տեղի չի ուենցել, որ գործը քննվի, քրեական գործ հարուցված չի եղել: Ներկայացրել ենք անձնական կյանքի իրավունքի խախտումը, նաև 8-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի խախտումները: Բոլոր խախտումներն եղել են դիսկրիմինացիայի, հայերի հանդեպ ատելության հետևանքով:
Ադրբեջանը ռասիստական գործողություններ իրականացրեց նաև 2016-ին և 2020-ին: Պահանջներից մեկն էլ կոնվենցիայի 46-րդ հոդվածի կիրառումն է՝ Ադրբեջանին պարտադրել Կարեն Պետրոսյանի գործով իրականացնել արագացված քննություն:
Քրիստինա Գևորգյան - Մինսկի խմբի մեխանիզմ ստեղծվի, որ բոլոր գործերը, որոնք վերաբերում են հայ գերիներին, այդ մեխանզիմները գործադրվեն, վայրագությունները բացահայտվեն:
Այս հարցով Ադրբեջանի դատախազին ուղղված նամակները պատասխան չեն ստացել: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ադրբեջանում հայերի համար իրավական պաշտպանության միջոց չկա: 2010 թվականին առևանգված և խոշտանգված Մանվել Սարիբեկյանի գործով վճռում դատարանը հիմնավոր չէր համարել ադրբեջանական փաստարկները, թե դիվանագիտական հարաբերություններ չունեն և չեն կարող օգնել: ՄԻԵԴ-ն իրավական դիրքորոշում էր արտահայտել, որ անկախ դրանից, Մարդու իրավունքների կոնվենցիայի կողմ հանդիսացող, Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պարտավոր են մարդու իրավունքների ապահովման, պաշտպանության երաշխավորման հարցերում միմյանց հետ գործակցել: